ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, քոլեջների, ուսումնարանների տնօրեններ, կարիերայի կենտրոնների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգային հարցերից էին գործատուների պահանջարկի և ՄԿՈՒ հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների առկա խնդիրները, կարիերայի կենտրոնների աշխատանքի արդյունավետությունը, կատարվող աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) առաջարկները, ԿԳՄՍ նախարարության ռազմավարական մոտեցումը ՄԿՈՒ խորհուրդների աշխատանքին և այլ հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել ներկայացված օրակարգի քննարկումը՝ վստահություն հայտնելով, որ այն արդյունավետ կլինի բոլոր կողմերի համար:

Նախարարի խոսքով՝ շրջանառության մեջ է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով և կառաջարկվի կազմակերպել հանրային լսումներ՝ հրավիրելով ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ներդրված նոր մեխանիզմները:

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական, Թեթև արդյունաբերության պետական քոլեջների և Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենները ներկայացրել են իրենց ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, որոնք վերաբերում են մասնագիտությունների համալրմանը, դրանց գրավչության բարձրացմանը, կիրառական գիտելիքի մատուցման համար նոր սարքավորումներ ունենալու անհրաժեշտությանը, ուսանողներին աշխատանքով ապահովելու, գործատուների հետ համագործակցելու ներկա պայմաններին:

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի տնօրեն Արտակ Սարգսյանի հավաստմամբ՝ քոլեջը գործատուների հետ համագործակցության հաջողված փորձ ունի, սակայն ակնհայտ է արդիական սարքավորումների անհրաժեշտությունը, քանի որ այդ առումով ուսումնական պրակտիկան և գործատուների պահանջները չեն համապատասխանում:

Ուսումնական հաստատությունների ղեկավարների խոսքով՝ մասնագիտությունների վերաբերյալ իրազեկումն ապահովելու նպատակով նրանք աշխատում են դպրոցների հետ, իսկ ուսանողներին աշխատանքով ապահովելու նպատակով՝ անձամբ գործատուների հետ, որոնք անմիջապես ներկա են լինում նաև ամփոփիչ քննություններին:

Ընդգծվել է, որ թեև որոշ մասնագիտություններ լայն պահանջարկ ունեն, սակայն աշխատաշուկա մուտք գործելու համար դիպլոմավորված մասնագետ լինելը նախապայման չի հանդիսանում, ինչը ՄԿՈՒ ոլորտում լրացուցիչ խնդիր է առաջացնում:

Կարիերայի կենտրոնների ներկայացուցիչների խոսքով՝ մարզերում մասնագիտություններն ընտրվում են՝ ըստ տվյալ տարածաշրջանին բնորոշ տնտեսական առանձնահատկության, և այդ առումով ուսանողները հիմնականում աշխատանք գտնելու խնդիր չեն ունենում: Կողմերը հավաստել են ՄԿՈՒ ծրագրերը տվյալ մարզի զարգացման ծրագրին համահունչ դարձնելու անհրաժեշտությունն ու արդյունավետությունը՝ բոլոր մարզերի համար:

Հանդիպման ընթացքում ՀԳՀՄ ներկայացուցիչները հանդես են եկել ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ առաջարկներով: Մասնավորապես՝ առաջարկվել է ոլորտի մասնագիտությունների ցանկը հաստատելիս կիրառել հավատարմագրման այլընտրանքային տարբերակ՝ այլ կառույցների ակտիվ մասնակցությամբ, կրթական չափորոշիչներում և մոդուլային ծրագրերում որպես բաղկացուցիչ ավելացնել ժամանակի կառավարում, վերլուծական մտածելակերպ, թիմային աշխատանք, խնդիրների լուծում և այլ հմտություններ, գործնական դասերն անցկացնել հենց գործատուների տարածքում և այլն:

ՀԳՀՄ-ի կողմից առաջարկվել է նաև ԿԳՄՍ նախարարության և «Արդյունաբերության անվտանգության ուսումնական ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնել վերապատրաստում ՄԿՈՒ ոլորտի սովորողների և աշխատակազմի անվտանգության ապահովման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հաջորդիվ առանձին հանդիպումներ կազմակերպելու և ոլորտին առնչվող խնդիրները քննարկելու նպատակով: