Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը:

Հատկանշական է՝ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է ազատ կամ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հաղթում թիմային պայքարում:

Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է 71 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը՝ մրցումային վերջին օրը 6-2 հաշվով կամային հաղթանակ տանելով դաղստանցի Իսլամ Կաժարովի նկատմամբ ու դառնալով ոսկե մեդալակիր:

Առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Սաշա Պետրոսյանը (60 կգ), Արման Հարությունյանը (48 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Տիգրան Բունիաթյանը (51 կգ) և Վլադիմիր Ազարյանը (65 կգ):

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 10 ըմբիշով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ էր նվաճել:

Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մրցելույթներ էր ունեցել Պետրոս Աշկարյանը: 65 կգ քաշայինների պայքարում պատանի ըմբիշը հաղթել էր բոլոր մրցակիցներին ու նվաճել էր ոսկե մեդալ՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակչում Աշկարյանը 5-3 հաշվով առավելության էր հասել վրացի Գեորգի Չիկաիձեի նկատմամբ:

Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ՝ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում երրորդն էր Եվրոպայի առաջնությունում: