Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճեցին:

Հանդես գալով 57 կգ քաշային կարգում՝ Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակչում 11-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիի նկատմամբ: 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 48 վայրկյանում փայլուն հնարքներով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյա Նաիմին (13-0), իսկ Արման Անդրեասյանը եզրափակչում 5-3 հաշվով կամային հաղթանակ տարավ Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով Մոլդովայի ներկայացուցչին:

Ազատոճային հայ ըմբիշներից բրոնզե մեդալին արժանացավ Մեժլում Մեժլումյանը՝ 61 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:

Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությանը մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Մրցաշարի հաղթողը կստանա 3000, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:

Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Մրցաշարն անցկացվում է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո: