ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, ԿԳՄՍՆ, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, իրավաբանական ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հաջորդ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին և օրենսդրական փոփոխությունների կիրառմանը, մասնավորապես՝ 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր: Նշված փոփոխությամբ սահմանվել են տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները, որոնց արդյունավետ իրագործման համար առաջնային է աշխատանքի կանոնակարգված իրականացումը:

«Աշխատանքային հանդիպումները պետք է պարբերական լինեն՝ կատարված փոփոխություններն արդյունավետ կյանքի կոչելու, խնդիրներին լուծում տալու, ինչպես նաև հաջորդ ուսումնական տարվա հետ կապված նախապատրաստական աշխատանքները պատշաճ իրականացնելու համար»,- դիմելով ներկաներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով դպրոցների կառավարման նոր համակարգին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ թեև գործընթացն արդեն մեկնարկել է, ու բոլոր մարզերը դրանում ընդգրկված են, այդուհանդերձ դեռևս ոչ բոլոր դպրոցներում են առկա կառավարող երկու մարմինները:

«Բնական է՝ գործընթացը նոր է, ու մենք դեռ չունենք լիարժեք պատկեր. ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք լիովին իրականացնել կառավարման նոր մոդելի և մեխանիզմի ներդրումը: Ունենք դպրոցներ, որտեղ տնօրեններն ընտրվում են, բայց դեռևս համակարգողներ չկան: Ունենք դպրոցներ, որտեղ տնօրենների մրցույթը չի կայանում, և գործում են միայն համակարգողներ: Դպրոցի տնօրենների գործունեության առումով իրազեկվածությունը բավական բարձր է, ու գործընթացն իրականացվում է, սակայն վարչատնտեսական համակարգողների առումով, կարծես, իրազեկման և գործառույթների լիարժեք ընկալման խնդիր ունենք: Լինում են նաև դեպքեր, երբ դիմողներ չլինելու պատճառով համակարգողի տեղերը թափուր են մնում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի խոսքով՝ հատկապես մարզերում իրազեկվածության անհրաժեշտություն կա, որպեսզի այս գործունեությամբ հետաքրքրված մարդիկ դիմեն, ու դպրոցներում այս հաստիքները համալրվեն: Այս առումով, ըստ փոխնախարարի, կարևոր անելիք ունեն մարզպետարանները. «Ունենք դեպքեր, երբ գործող տնօրեններից շատերը ցանկանում են դառնալ վարչատնտեսական համակարգող: Մի կողմից սա զարմանալի է, բայց մյուս կողմից՝ օրինաչափ, երբ մարդիկ կարծում են, որ իրենց գործունեությունը կարող է ավելի արդյունավետ լինել հենց այդ ուղղությամբ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ դպրոցների կառավարման համակարգային փոփոխության կարևոր նպատակներից մեկն այն է, որ տնօրեններն ազատվեն վարչատնտեսական հարցերի բեռից և զբաղվեն միայն կրթության բովանդակությանն առնչվող հարցերով: Մյուս նպատակը ծառայությունների մասնագիտացված ցանցի ստեղծումն է, որը հնարավորություն կտա դպրոցին հնարավորինս քիչ ծանրաբեռնվել նմանօրինակ հարցերով՝ գնալով դեպի պատվիրակված ծառայություններ:

Նշենք, որ կառավարման նոր համակարգը ներդրվում է այն դպրոցներում, որտեղ տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է օրենքի ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո: Մարզպետարանների հետ քննարկվել և առանձնացվել են, թե յուրաքանչյուր մարզում քանի դպրոց է անցում կատարում կառավարման նոր համակարգին, և ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների ֆինանսավորման նոր մոդելին վերաբերող հարցեր: Նոր կարգը կիրառվելու է 2023 թվականի սեպտեմբերից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է ավելի ակտիվ լինել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, որտեղ ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել մի շարք նախագծեր, այդ թվում՝ մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական բնակավայրների դպրոցների մանկավարժներին հավելավճար տրամադրելու մասին:

Քննարկման մասնակիցները հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգի վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, բարձրաձայնել խնդիրները, մի շարք հարցեր ուղղել ԿԳՄՍՆ պատասխանատուներին:

ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումները կլինեն շարունակական: