2023 թվականին տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում 7-ական մասնակիցներ արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների:

Անվանական կրթաթոշակներ կստանան նաև 2023 թվականի ապրիլի 30-ից մայիսի 7-ը Ղազախստանի Հանրապետությունում կայացած «Քիմիա» առարկայի 57-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողները: Օլիմպիադայում արծաթե մեդալի էր արժանացել «Քվանտ» վարժարանի սան Լեոնիդ Ասատրյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի սան Տիգրան Մխիթարյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1) ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,

2) դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
  • եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։

3) դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ: