ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և երկու գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթական գերատեսչությունների ներկայացուցիչները գիտխորհրդի անդամներին ներկայացրել են ՀՌՀ-ի նորընտիր ռեկտոր Էդվարդ Սանդոյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք։

Գիտխորհրդի ընթացքում քննարկվել են նաև ՀՌՀ-ի ընթացիկ գործունեության հետ կապված հարցերը: Ընդգծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ սերտ համագործակցության կարևորությունը, նախանշվել են բուհի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը։

Մինչ հանդիպումը Հայ-ռուսական համալսարանի հյուրերը շրջայց են կատարել բուհի տարածքում (սպորտային համալիր, Արևելագիտության ինստիտուտ, լաբորատորիաներ, նոր մասնաշենք և այլն)։

Հիշեցնենք, որ «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի երկրորդ օրվա աշխատանքներն անցկացվում են Հայ-ռուսական համալսարանում։