Օրը խաչատրյանական է. այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը:

Այս կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Արամ Խաչատրյանի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Միջոցառմանը մասնակցել են նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, երաժշտարվեստի ներկայացուցիչներ, խաչատրյանական արվեստի երկրպագուներ, դպրոցականներ:

«Արամ Խաչատրյանի արվեստը միշտ այժմեական է՝ անկախ փոփոխվող մարտահրավերներից ու խնդիրներից։ Հոբելյանական տարին ևս մեկ առիթ է վերաիմաստավորելու և նորովի գնահատելու Արամ Խաչատրյանի թողած հսկայական ժառանգությունը, որտեղ մշտապես անելիք ունենք՝ նաև նոր շերտեր բացահայտելու առումով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով, հաստատվել է պետական ծրագիր, որի իրականացման համար բյուջեից հատկացվել է ավելի քան 530 միլիոն դրամ: Միջոցառումները բազմաժանր են և ընդգրկում են լայն աշխարհագրություն՝ Վրաստանից մինչև ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ բացման համերգով: «Արամ Խաչատրյանի երաժշտությունը կյանքի բոլոր փուլերի համար է և տալիս է մտորելու ու հասկանալու հնարավորություն: Կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր երեխաները ևս ներգրավվեն հոբելյանական ծրագրերում՝ նորովի ճանաչելու և բացահայտելու Խաչատրյանին»,- եզրափակել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտարվեստը մեզ իրավունք է տալիս աշխարհի հանճարեղ ժողովուրդների շարքում զգալ՝ որպես լիարժեք անդամ: