ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան չորս մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ և Սյունիք) շարունակում է իրականացնել միջազգային համերգաշար՝ չորս հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։

Նախագծի երրորդ փուլի շրջանակում ՀՀ Տավուշի մարզում կհյուրընկալվի անվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա)։

Հունիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, երաժիշտը հանդես կգա Դիլիջանի «Դիլիջազ» համալիրում։ Համերգին կմասնակցեն նաև Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Նիկողայոս Վարդանյանը (թավջութակ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):

Մարկուս Շտոկհաուզենը համերգով հանդես կգա նաև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հունիսի 9-ին՝ ժամը 19։00-ին: Երեկոյի ընթացքում կհնչեն Մարկուս Շտոկհաուզենի ջազային ստեղծագործությունները՝ շեփորի, էլեկտրոնային գործիքների և ջազ տրիոյի համար:

Նշենք, որ մարզային համերգաշարի շրջանակում ՀՀ չորս մարզերում կհյուրընկալվեն չորս աշխարհահռչակ երաժիշտներ՝ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա), ալտահար Վենսան Ռուայեն (Ֆրանսիա)։ Երաժիշտները ելույթներ կունենան համապատասխանաբար՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համերգներից բացի կանցկացվեն նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։

Համերգաշարի նպատակն է ակտիվացնել մարզային կյանքն ու հանրությանը նվիրել բարձրակարգ համերգային երեկոներ։