Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ամփոփվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո իրականացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» համապետական աշակերտական նախագիծը:
Մարտին մեկնարկած նախագծին հայտագրվել և իրենց աշխատանքներն են ներկայացրել ՀՀ 8 մարզերի և Երևանի 50 դպրոցների շուրջ 256 աշակերտներ:
Ընդհանուր առմամբ՝ ներկայացվել են 106 աշխատանքներ՝ 31 ուսումնական նախագիծ, 36 սոցիալական հոլովակ, 40 նկար-պաստառ։
Նախագծի առաջին փուլն իրականացվել է դպրոցներում, որտեղ կազմակերպվել են Մայր մոլորակի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ: Երեք անվանակարգերում՝ ուսումնական նախագիծ, սոցիալական հոլովակ, նկար-պաստառ, ընտրվել են լավագույն աշխատանքները և ուղարկվել ԿԶՆԱԿ հիմնադրամ: Դրանք վերանայել են թե՛ հիմնադրամի մասնագիտական- փորձագիտական խմբերը, թե՛ ՀՊՄՀ դասախոսները:
Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, հիմնադրամի այլ ներկայացուցիչներ, ՀՊՄՀ դասախոսներ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ։
Միջոցառմանը մասնակցած բոլոր սովորողները ստացել են մասնակցության վկայականներ։
Նախագծի նպատակն էր բարձրացնել սովորողների իրազեկվածությունը՝ առկա բնապահպանական ու սոցիալական համամոլորակային հիմնախնդիրների կանխարգելման և մշակման գործընթացում, բացահայտել և խրախուսել բնապահպանական ոլորտում դպրոցականների նախաձեռնությամբ իրականացվող գաղափարները, խթանել նախագծի մասնակից կրթական հաստատությունների ուսումնադաստիարակչական գործունեությունը: