Հունիսի 6-ին նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է միջոցառումների ծրագիրը: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել խաչատրյանական տարվա հոբելյանական ծրագրերին և միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը, Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը և Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը:

Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումներն ունեն ռազմավարական նշանակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է բոլորին նշանավոր իրադարձության կապակցությամբ և նշել, որ Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումներն ունեն ռազմավարական նշանակություն, և լրջագույն աշխատանք պետք է տարվի Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը վերաիմաստավորելու և միջազգայնորեն դիրքավորելու ուղղությամբ. «Սա կարևոր է ոչ միայն միջազգային, այլև ներպետական առումով՝ հանրային տրամադրությունների տեսակետից: Հոբելյանական հանձնաժողովի հաստատած ծրագրի իրականացմանը պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 530 միլիոն դրամ. միջոցառումներում ընդգրկված են բոլոր առաջատար ստեղծագործական խմբերը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, պետական կամերային նվագախմբերը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյան տուն-թանգարանը և բազմաթիվ այլ կառույցներ: Տպավորիչ է նաև հոբելյանական միջոցառումների աշխարհագրությունը՝ Վրաստանից սկսած՝ մինչև ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա: Երբ մենք խոսում ենք ժառանգության հանրահռչակման և մարդու անունը բարձր պահելու մասին, առաջին հերթին նկատի ունենք նրա ստեղծագործությունների կատարումը: Եթե կատարենք Խաչատրյանի ստեղծագործությունները, ուրեմն մեր գործն արած կլինենք, մեր պարտքը մեր մեծ արժեքի, մեծագույն երևույթի նկատմամբ մարած կլինենք»:

Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ Արամ Խաչատրյանի մասին օտար լեզուներով քիչ նյութեր են հրատարակվել․ հիմնական գրականությունը ռուսալեզու է: Այս տարի նախաձեռնվում է տարբեր լեզուներով պատկառելի պատկերագրքի հրատարակում, որը ևս կնպաստի Խաչատրյանի ժառանգության հանրայնացմանն ու միջազգայնացմանը:

«Ինձ համար Արամ Խաչատրյանն ազգային արժանապատվության, շիտակ մեջքի, անսպառ լավատեսության և հայ ազգի կենսասիրության բարձրագույն դրսևորումն է։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը լսելիս Հայաստանի սահմաններն ավելի մեծ են, քան նրա աշխարհագրական տարածքը, արմատներն ավելի խորն են, քան 20-րդ դարը»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Հայ և օտարերկրյա հանդիսատեսին կներկայացվի Խաչատրյանի ստեղծագործությունների ողջ գունապնակը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանի տեղեկացմամբ՝ օրեր անց կտրվի Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը. «Հունիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ. կհնչեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան, հատվածներ ‹‹Սպարտակ›› բալետից և հազվադեպ կատարվող ‹‹Հանդիսավոր›› պոեմը: Համերգը կղեկավարի աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Խաչատրյանական տրամադրությունը կշարունակվի համերգասրահի տանիքում, որտեղ առաջին անգամ կկայանա բացօթյա համերգ՝ Վահագն Հայրապետյանի «Armenian Colors Qartet»-ի մասնակցությամբ: Կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները»:

Տնօրենի նշմամբ՝ հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կղեկավարի Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված փառատոնի փակման գալա-համերգը. կմասնակցեն թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: Կհնչի Խաչատրյանի Թավջութակի Կոնցերտ-ռապսոդիան և հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից: Համերգը նկարահանվելու և հեռարձակվելու է «Կուլտուրա» հեռուստաալիքով:

Վերանորոգվում է Արամ Խաչատրյան համերգասրահը

«Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը›› նվիրված է Խաչատրյանի 120-ամյակին: Փառատոնի շրջանակում, բացի տարբեր անվանի մենակատարների և դիրիժորների մասնակցությամբ համերգները, նախատեսված են շրջագայություններ Հայաստանի մարզերով հայ ունկնդրի կողմից սիրված, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ Համերգները տեղի կունենան Մեղրիում, Գորիսում, Կապանում, Գյումրիում, Երևանում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի խաչատրյանական տարվա արտասահմանյան հյուրախաղերի աշխարհագրությունը հետևյալն է՝ ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Վրաստան:

«Նշանակալից է նոյեմբերի 15-ին Նյու Յորքի հեղինակավոր «Քարնեգի հոլլում» կայանալիք համերգը: Ողջ ընթացքում որպես մենակատար Ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Համերգների ժամանակ կհնչի միայն Արամ Խաչատրյանի երաժշտությունը»,- ասել է Նորայր Նազարյանը:

ՀԱՖՆ-ի տնօրենը տեղեկացրել է, որ այս տարի հոբելյանական է նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի համար․ լրանում է թամանյանական նախագծով կառուցված շենքի 70-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում շենքը բարեկարգվելու է. «Առաջնահերթ հիմնանորոգվել են սանհանգույցները, դիմահարդարման սենյակները, կառուցվել է վերելակ: Այժմ վերանորոգվում են համերգասրահի բազկաթոռները: Վերանորոգման ավարտից հետո շատ ճոխ և հարմարավետ համերգասրահ կունենանք: Բոլոր աշխատանքներն իրականացնելիս հաշվի են առնվում ներառականության պահանջները՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց կարիքները, որպեսզի նրանց այցը համերգասրահ նույնպես լինի առավելագույնս հարմարավետ և ապահով»,- ասել է ՀԱՖՆ տնօրենը

Կկատարվեն Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի համար

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի տեղեկացմամբ՝ հունիսի 6-7-8-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ԹՈՒՄՈ-ի այգում թատրոնը հանդես կգա բացօթյա ներկայացումներով: Կներկայացվեն «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ» սյուիտ բալետները: Կարևորելով մարզային այցելությունները՝ թատրոնի նվագախումբը կմեկնի Չարենցավան, որտեղ կատարելու է Խաչատրյանի «Երրորդ սիմֆոնիան»: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թատրոնը հյուրախաղերով հանդես է գալու Ֆրանսիայում, որտեղ ներկայացնելու են «Դիմակահանդեսը», իսկ հուլիսի 18-ին Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում տեղի կունենա գալա համերգ՝ աշխարհի լավագույն մենակատարների մասնակցությամբ: «Համերգին մասնակցելու է թատրոնի բալետային խումբը, որը ներկայացնելու է հատվածներ «Գայանե» բալետից․ այնտեղ նաև կհնչեն երեք արիաներ սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար»,- ասել է Կարեն Դուրգարյանը և կարևորել Արամ Խաչատրյանի երաժշտության մշտապես կատարումը և տարածումն աշխարհում:

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնում կկատարվեն միայն կոմպոզիտորի ստեղծագործությունները, կթողարկվի օրորոցայինների ալբոմը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը հիշեցրել է, որ 2023 թվականին փետրվարին նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել Միացյալ Թագավորությունում՝ բացելով Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Նվագախումբը հանդես է եկել 10 համերգներով՝ հեղինակավոր համերգասրահներում ներկայացնելով Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը: Նվագախմբի հետ հանդես է եկել բրիտանացի ջութակահար Ջենիֆեր Փայքը, որը նաև Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ելույթ է ունենալու Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգին:

«Այցելությունը կազմակերպել էր IMG Artists ընկերությունը, և մենք Միացյալ Թագավորությունում Խաչատրյանի այլ ստեղծագործություններ ներկայացնելու առաջարկներ ենք ստացել: Շուտով կլինի Լոնդոնում տեղի ունեցած համերգի տեսագրության պրեմիերան, որը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերությամբ և «Mezzo TV»-ով: Արդեն թողարկել ենք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների լավագույն մեղեդիներից կազմված ռինգթոններ, ինչը նրա արվեստը հանրահռչակելու կարևոր գործոններից է: Այս տարի թողարկելու ենք Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտը»՝ հայտնի մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկու հետ համագործակցությամբ, ինչպես նաև կոմպոզիտորի ստեղծագործություններից՝ օրորոցայինների ալբոմը, որը նվեր է փոքրիկներին, որպեսզի նրանք դաստիարակվեն հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն նմուշների ունկնդրումով: Այս տարի նույնպես անցկացվելու է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որն իրականացվում է «Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի» հետ: Քանի որ տարին խաչատրյանական է, կհնչեն միայն կոմպոզիտորի ստեղծագործությունները, համերգներում հանդես կգան ջութակահար Ստելա Չենը, թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը, դաշնակահար Ժան Պոլ Գասպարյանը և այլք: Նվագախումբը նոր մոտեցմամբ և մշակմամբ ներկայացնելու է «Խաչատրյանը և ջազը» սիրված ծրագիրը, ինչպես նաև կոմպոզիտորի կինոերաժշտությունը, որը կարևոր տեղ ունի Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության մեջ»,- տեղեկացրել է Սարգիս Բալբաբյանը:

Արամ Խաչատրյանի տուն թանգարանը հոբելյանական տարում իրականացնում է համերգներ, գիտաժողով, հրատարակություններ, նորամուծություններ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն և «Խաչատրյան տրիոյի» դաշնակահար Արմինե Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ ճանաչված «ARTE» ֆրանսիական և ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքներն արդեն ֆիլմեր են նկարահանել Խաչատրյանի մասին: Նյութերը տրամադրել է տուն-թանգարանը:

Թանգարանում սպասվում են նորամուծություններ, որտեղ կօգտագործվեն արդի տեխնոլոգիաները, և հունիսին այդ անակնկալները կներկայացվեն թանգարանի այցելուներին:

«Պատրաստում ենք միջազգային գիտաժողովի անցկացմանը: Կարևորելով ոչ միայն հայալեզու, այլև օտար լեզվով Խաչատրյանի մասին պատմող գրականության լույսընծայումը՝ հովանավորների աջակցությամբ հրատարակել ենք Խաչատրյանի նամականին՝ անգլերենով, և հունիսին տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Աշխատում ենք նաև պատկերազարդ գրքի ուղղությամբ»,- ներկայացրել է Արմինե Գրիգորյանը:

Պերմի երաժշտական դպրոցն անվանակոչվել է Արամ Խաչատրյանի անունով

Խոսելով համերգային ծրագրերի մասին՝ նա նշել է, որ տարվա սկզբից համերգներ են կազմակերպվել թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս նաև «Խաչատրյան տրիոյի» մասնակցությամբ: «Երեկ եմ վերադարձել Ռուսաստանի տարբեր քաղաքներում մեծ շրջագայությունից, որտեղ մասնակցել ենք Խաչատրյանին նվիրված փառատոների ու համերգների: Սվեդլովսկի ֆիլհարմոնիայի փառատոնը շքեղ էր, որտեղ հինգ երեկոյի ընթացքում միայն Խաչատրյան էր հնչում, և փառատոնը կրում էր «Անհայտ և հայտնի Խաչատրյան» խորագիրը: Մեր կարևոր առաքելություններից է՝ հնչեցնել կոմպոզիտորի ոչ միայն ճանաչված, այլև այն ստեղծագործությունները, որոնք քիչ են հնչում: Երեք երեկո նվիրված էր կոմպոզիտորի կամերային ժառանգությանը, որը արժեքավոր է ու հետաքրքիր»,- շեշտել է Արմինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում ու մեծ արձագանք են գտել: Համերգներ են կազմակերպվել նաև Չելյաբինսկի, Պերմի ֆիլհարմոնիաներում և այլուր, իսկ Պերմում, որտեղ Խաչատրյանը գրել է «Գայանե» բալետը, քաղաքի ամենահին ու կենտրոնական երաժշտական դպրոցն անվանակոչվել է Խաչատրյանի անունով:

Կկատարվեն Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները

Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի տեղեկացմամբ՝ կատարելու են հիմնականում Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները: Հունիսի 14-ին կհնչի կոմպոզիտորի «Դաշնամուրային կոնցերտը»՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի մատուցմամբ, իսկ հունիսի 29-ին կլինի համերգ՝ նվիրված Խաչատրյանի գործերի փոխադրումներին՝ կամերային երգչախմբի համար. մաեստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կլինեն փոխադրումների պրեմիերաները, որոնք անվանել են «Խաչատրյան ֆանտազիա»:

Գարեգին Սարգսյանը նշել է, որ ծրագրել են Կամերային նվագախմբի մասնակցությամբ հյուրախաղեր. «Հոկտեմբերին մեկնելու ենք Գերմանիա․ Շտուտգարդ քաղաքում ներկայացնելու ենք Խաչատրյանի գործերը: Կլինեն նաև մարզային համերգներ Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում: Աշխատանքներ ենք տանում Թբիլիսիում հանդես գալու ուղղությամբ»,- տեղեկացրել է Գարեգին Սարգսյանը: