Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում «Դասականներ» բաժնում տեղի է ունեցել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ) ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ վերահաստատելով կինոաշխարհի մեծերի հետ նույն էկրանին ներկայացվելու մեր իրավունքը` Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին: Սա հայ մշակույթի ու հայ կինոյի միջազգային քարոզչության առումով ունի աննախադեպ կարևորություն:

Հայ կինոյի փառատոնային պատմության մեջ կես դար անց սա ֆիլմի վերադարձն էր աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոն, որտեղ «Բարև, ես եմ» ֆիլմը ներառված է եղել 1966թ․-ի մրցութային ծրագրում։

Կինոժապավենի թվանշային վերականգնումն իրականացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման աշխատանքները կատարվել են ֆիլմի բնօրինակ սևապատկերից՝ լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» ստուդիայի կողմից:

Ֆիլմը հանդիսատեսին ներկայացրել են «Դասականներ» ծրագրի համադրող Ջերալդ Դյուշասոն, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և խորհրդային կինոյի մասնագետ Ջոել Շապրոնը՝ կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, Համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի և «Լոկոմոտիվ» ստուդիայի տնօրեն Ռոբերտս Վինովսկիսի ներկայությամբ։

Ցուցադրությանը ներկա էր նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ցուցադրության նախօրեին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական MK2 դիստրիբյուցիոն ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի շնորհիվ ֆիլմը կներկայացվի միջազգային տարբեր հարթակներում:

Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի «Marche du Film» կինոշուկային մասնակցությունը Հայ կինոյի 100-ամյակի պետական հոբելյանական ծրագրի շրջանակում է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։