Հայաստանի Հանրապետությունում մայիսի 31-ից հունիսի 2-ն անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր:

Մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի օրերի մեկնարկը տրվել է բացման գալա համերգով, որի շրջանակում տեղի է ունեցել Թուրքմենստանի մշակույթի և արվեստի վարպետների համերգ:

Ծրագրի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը:

Հանդիսավոր արարողությանը ողջունի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը: Նա շնորհավորել է Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի անցկացման կապակցությամբ և նշել, որ մշակույթի օրերը կարևոր, նշանակալից և, միևնույն ժամանակ, երկար սպասված միջոցառում են:

«Այն նախատեսվում էր կազմակերպել դեռևս 2020 թվականին, ինչը, ցավոք, չհաջողվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ուրախ է հյուրընկալել Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությանը: Այսօրվա միջոցառման կայացումը հերթական անգամ հաստատում է այն ճշմարտությունը, որ դժվարին ժամանակներում մարդկային հաղորդակցության, ազգերի փոխճանաչման և փոխադարձ հարգանքի ամենաամուր հենքը մշակույթն է: Իսկ մշակույթի ոլորտում հայ-թուրքմենական հարաբերություններն ունեն խորը արմատներ»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ հայ-թուրքմենական փոխհամագործակցությունը մշտապես հագեցած կլինի նոր նախաձեռնություններով:

Ժաննա Անդրեասյանը մեծապես կարևորել է Թուրքմենստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը, որի շրջանակում կայուն համագործակցություն է ձևավորվել Թուրքմենստանի մշակույթի նախարարության հետ: Համագործակցությունը ներառում է ինստիտուցիոնալ կապերի ստեղծումը, վերջին տարիներին իրականացված փոխադարձ մշակույթի օրերը, կրթամշակութային համատեղ նախագծերն ու ծրագրային նախաձեռնությունները։

Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովը նույնպես շնորհավորել է ներկաներին Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման կապակցությամբ՝ նոր լիցքեր մաղթելով հայ-թուրքմենական մշակութային կապերի հետագա զարգացմանը: Նա բարձր է գնահատել երկու երկրների մշակութային կապերը, որոնք խարսխված են ժողովուրդների հարուստ փորձի, բարի ավանդույթների և երկկողմանի ամուր համագործակցության վրա: Ատագելդի Շամուրադովը շնորհակալությունն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը մշակույթի օրերի կայացման համար հետևողական ջանքերի համար:

«Մշակութային օրերի շրջանակում անցկացվող միջոցառումները մեծ հնարավորություն են տալիս երկու երկրների ժողովուրդներին՝ ավելի լավ ճանաչել միմյանց մշակույթը և առավել խորացնել միջմշակութային համագործակցությունը»,- ընդգծել է նա:

Նշենք, որ Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի փակումը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Թուրքմենստանի մշակույթի, արվեստի գործիչների համատեղ համերգը:

Ծրագրի շրջանակում հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա ցուցահանդեսի բացում, իսկ նույն օրը՝ ժամը 16:00-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում կկայանա «Մախթումկուլի» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը: Հունիսի 2-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի պետական համալսարանում տեղի կունենա Մախթումկուլիի արվեստին նվիրված գիտաժողով:

Հիշեցնենք, որ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախօրեին ընդունել է Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում ստորագրվել է համագործակցության ծրագիր: Կազմակերպվել են նաև մշակութային այցեր: