ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ քառօրյա ձևաչափով անցկացվել է հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնությունը, որին բոլոր տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, ավելի քան 90 հեծանվորդ է մասնակցել:
Մրցումային առաջին օրը հեծանվորդները հաղթահարել են Էջմիածին-Ակնա լիճ խճուղի 25 կմ մրցատարածությունը՝ անհատական մրցավազքում: Մեծահասակների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Դավիթ Մկրտչյանը, արծաթե մեդալին արժանացել է Վահե Վիրաբյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խաչիկ Շարյանը:
Երիտասարդ տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Գրիգոր Գրիգորյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սերգեյ Մանուկյանը, իսկ եռյակը եզրափակել է Դմիտրի Եսաուլովը:
Երիտասարդ աղջիկները հաղթահարել են 10 կմ մրցատարածությունը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Անի Գյոզալյանը, երկրորդ տեղը՝ Սվետլանա Մկրտչյանը, իսկ երրորդ տեղը՝ Գրետա Միրաքյանը:
Պատանի աղջիկների մրցապայքարում լավագույն եռյակը ձևավորվել է հետևյալ դասավորությամբ՝ Անի Ավագյան, Սաթենիկ Ղազարյան, Սիրանույշ Քոթանջյան: Պատանի տղաների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Հարություն Իսրայելյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեն Միրզոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էդուարդ Գրիգորյանը:
Մրցումային երկրորդ օրն անցկացվել է պատանի և երիտասարդ աղջիկների խմբակային մրցաերթը:
Երկու օրերի արդյունքներով ձևավորվել է Հայաստանի պատանիների հավաքական թիմը, որը հուլիսի 23-ից 30-ը Սլովենիայում կմասնակցի մանկապատանեկան օլիմպիական փառատոնին: Հայաստանի հավաքականի կազմում կընդգրկվեն Ալեն Միրզոյանը, Հարություն Իսրայելյանը և Անի Գյոզալյանը:
Մրցումային երրորդ օրը Թաիրով-Էջմիածին-Արմավիր-Սարդարապատ-Էջմիածին-Աշտարակ երթուղով անցկացվել է խմբակային մրցաերթ՝ արդեն մեծահասակների և երիտասարդների մասնակցությամբ: Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Խաչիկ Շարյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վահե Վիրաբյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Դավիթ Գևորգյանը: Երիտասարդների պայքարում լավագույն եռյակն այս տեսքն ունի՝ Գրիգոր Գրիգորյան, Սերգեյ Մանուկյան, Թովմաս Պետրոսյան:
Մրցումային վերջին օրը հեծանվորդները Հրազդանի կիրճում ուժերն են չափել անհատական մրցավազք-լեռնային մրցաձևում: Տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզիկները՝
Մեծահասակներ՝ Վահե Վիրաբյան, Խաչիկ Շարյան, Ավետիք Դավթյան,
Երիտասարդ տղաներ՝ Սերգեյ Մանուկյան, Գրիգոր Գրիգորյան, Դմիտրի Եսաուլով,
Երիտասարդ աղջիկներ՝ Անի Գյոզալյան, Սվետլանա Մկրտչյան, Գրետա Միրաքյան,
Պատանի աղջիկներ՝ Անի Ավագյան, Սիրանույշ Քոթանջյան, Սաթենիկ Ղազարյան,
Պատանի տղաներ՝ Հարություն Իսրայելյան, Ալեն Միրզոյան, Էդուարդ Գրիգորյան:
Հունիսի 16-ից 19-ը կանցկացվի հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունը:
Հայ հեծանվորդները նախապատրաստվում են Եվրոպայի և աշխարհի հեծանսպորտի առաջնություններին, որոնք համապատասխանաբար կկայանան հուլիսին և օգոստոսին:
Սեպտեմբերին արդեն ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում կանցկացվի ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչ Գևրիկյանին նվիրված միջազգային մրցաշարը, որին, ըստ նախնական տվյալների, կմասնակցեն նաև Վրաստանի, Լեհաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները: