ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի` 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգի» պահանջներին համապատասխան:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն`
- վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
- վերապատրաստումը հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրային ապահովում,
- ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան մշակված ծրագիր (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2022 թվականի ապրիլի 26-ի N 642-Ա հրամանով հաստատված հարցաշարին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 մայիսի 26-ի N 581-Ա հրամանով հաստատված չափորոշչին համապատասխան) և դասավանդման թեմատիկ պլանավորում (տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավելի, քան 20 օր),
- վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ, ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, սարքավորումներ,
Վերապատրաստող կազմակերպության վերապատրաստող մասնագետները պետք է ունենան՝
- բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,
- գիտելիքներ և հմտություններ` մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ տեխնոլոգիաների՝ մանկավարժության մեջ կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական, բովանդակային, տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
- կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
- անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),
- վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ (CV),
- կազմակերպության` մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
- տվյալներ` ուսումնական կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
- հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրված տեղեկանքների պատճենները,
- նախարարության կողմից հաստատված վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան մշակված` 90-110-ժամյա վերապատրաստման ծրագիր և դրան կից թեմատիկ պլան, որը պետք է ներառի ներկայացված ծրագրի թեմատիկ բովանդակային բաղադրիչների բաշխումը` ըստ ժամերի:
- տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ:
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2023 թվականի հունիսի 13-ը` ժամը 18:00-ն, դիմել ԿԳՄՍ նախարարություն` նախօրոք լրացնելով դիմում-հայտը՝ կցելով escs.am կայքում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:
Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարի՝ մայիսի 26-ի 581-Ա հրամանով հաստատվել է «Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը»:
Վերապատրաստման դասընթացի նպատակն է վերապատրաստվողների մանկավարժական, կառավարչական կարողությունների զարգացումը, շարունակական մասնագիտական կրթության ապահովումը: