Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա)-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Մրցաշարին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է մասնակցել:

Կանանց առաջին տարիքային խմբի՝ 18-40 տարեկան մասնակիցների շրջանում 40 կմ մրցատարածությունը բոլորից արագ՝ 1 ժամ 20 րոպեում, հաղթահարել է Նարե Ղարիբյանը՝ Երևանից: Նարեն երկրորդ տարին անընդմեջ արժանացել է ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողի կոչմանն ու 1 մլն դրամ մրցանակին:

«Ենթադրում էի, որ եռյակում կլինեմ, բայց մրցակցությունը բավական մեծ էր. գիտեի, որ երկու հիմնական մրցակիցներս շատ ակտիվ մարզվում են ու նախապատրաստվում մրցաշարին: Նախորդ տարվա մրցումից հետո մարզումները չեն դադարել: Արդյունքից գոհ եմ. հաղթանակի զգացողությունը շատ հաճելի է: Հենց դա է իմ մոտիվացիան»,- ասում է Նարե Ղարիբյանը, որն ընդամենը 3 տարի է՝ զբաղվում է սիրողական հեծանվասպորտով:

Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբում հաղթողի տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Սամվել Հովհաննիսյանը:

«Շատ ուրախ եմ հաղթանակի առթիվ: Այս մրցաշարն իսկապես մեծ աշխուժություն է մտցրել հեծանվային ասպարեզում: Շատ մարդիկ ամբողջ տարի մարզվում են, որպեսզի մասնակցեն այս մրցաշարին: Ինքս էլ ընկերներիս հետ մի քանի ամիս հատուկ նախապատրաստական փուլ եմ անցել, որպեսզի կարողանամ լավագույնս հանդես գալ: Բավական լավ արդյունք գրանցեցի, ինչի համար շատ ուրախ եմ: Սա ևս մեկ խթան է՝ մարզաձևի մասսայականացման ու տարածման համար»,- ընդգծում է Սամվել Հովհաննիսյանը:

Տղամարդկանց առաջին տարիքային խմբում հաղթողի կոչումը նվաճած Անանիա Ոսկանյանը երրորդ անգամ է մասնակցում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին, բայց նախորդ տարիներին բավարարվել է բրոնզե մեդալներով:

«Այս տարի շատ լուրջ էի նախապատրաստվել՝ ամեն օր մարզումներ անցկացնելով: Վստահ էի, որ այս տարի հաղթանակն իմն է լինելու: 40 կմ մրցատարածությունը հաղթահարելն այնքան էլ դժվար չէ, եթե պատրաստված ես լինում: Նմանօրինակ մրցաշարերի անցկացումը ևս կարևորում եմ՝ հեծանվասպորտի զարգացման տեսանկյունից: Մասնակիցներն անընդհատ աշխատում են իրենց վրա և ձգտում ավելի ուժեղանալ: Հեծանվավազքով զբաղվողներն էլ ավելի են շատանում: Կարծում եմ՝ մրցաշարն իր առջև դրված խնդիրը կատարում է»,- նշում է Անանիա Ոսկանյանը:

Հիշեցնենք՝ երկու տարիքային խմբերում 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 500.000, 3-րդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 100.000, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: