Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում:

Դավթյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է հենացատկում՝ եզրափակչում հավաքելով 14,799 միավոր: Նա հանդես է եկել նաև նժույգթափերի և օղակների վարժությունների եզրափակչում ու զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Նժույգթափեր վարժության եզրափակչում Դավթյանը՝ 14.223, իսկ օղակների վարժության եզրափակչում՝ 14.066 միավոր է հավաքել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է օղակների վարժությունում՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակչում նա 14.700 միավոր է հավաքել և դարձել ոսկե մեդալակիր:

World Challenge Cup մրցաշարի հաջորդ փուլը կանցկացվի հունիսի 8-ից 11-ը Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում:

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը, ինչպես նաև Մանե Պողոսյանը:

Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարական խմբում: