Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։

Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը:

Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կշարունակվեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները, բարեկարգ է նաև գյուղի դպրոցը. «Մնում է, որ մեր երեխաները լավ սովորեն, նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը՝ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացին ապրի խաղաղ միջավայրում»:

Վարչապետն ու բարձրաստիճան հյուրերը շրջել են մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Նրանք Զարթոնք գյուղում նաև հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: