ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է:

Ծրագրի գարնանային շրջափուլի շրջանակում, որը մեկնարկել էր ս.թ. մայիսի 11-ին, արդեն իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր և միջոցառումներ: Մասնավորապես, Իջևանի, Աշտարակի և Արտաշատի երաժշտական և արվեստի դպրոցների պատվիրակությունները հյուրընկալվել են Երևանի իրենց գործընկեր-դպրոցներում, ելույթ են ունեցել համերգային հագեցած ծրագրերով, մասնակցել վարպետության դասընթացների, այցելել Երևանի թատրոններ, թանգարաններ ու տեսարժան վայրեր:

Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի հյուրերն էին: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած համատեղ համերգային ծրագրի ընթացքում գավառցի փոքրիկ երաժիշտները ելույթ են ունեցել վառ կատարումներով՝ երևանյան հանդիսատեսին պարգևելով անմոռանալի հիշողություններ:

Համերգի եզրափակիչ մասում ելույթ են ունեցել աճեմյանցիները, ի թիվս այլ կատարումների՝ ներկայացնելով Վարդան Աճեմյանի նոր ստեղծագործությունը՝ Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի օրհներգը:

Համերգային ծրագրի ավարտից հետո գավառցի պատանի երաժիշտները շրջել են թանգարանում, ծանոթացել հաստատության գործունեությանը, այցելել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

Մշակույթի ոլորտում տարածքային համաչափ զարգացման, գեղարվեստական նախամասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների միջև համագործակցության խթանման, փորձի փոխանակման, Երևան-ՀՀ մարզեր կապերի ամրապնդման նպատակով անցկացվող ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

2019 թվականից գործող ծրագիրն իր շուրջն է համախմբել ՀՀ-ում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի շուրջ 60 դպրոցների մանկավարժներին և սովորողներին, որոնք այս ընթացքում մասնակցել են բազմաթիվ համերգային ծրագրերի, վարպետության դասընթացների, օգտվել փորձի փոխանակման, ոլորտում համատեղ ստեղծագործական և գործնական աշխատանք իրականացնելու համար ձևավորված հարթակներից: