ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայի Հանրապետությունում:

Այցի նպատակն է ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծ մշակելու համար ուսումնասիրել Լատվիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ ցուցանիշներով և մի շարք միջազգային ինդեքսներով համադրելի երկրի երիտասարդական քաղաքականությունը, ոլորտային օրենսդրությունը և փորձառությունը։

Պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, Իրավաբանական վարչության պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (Աննա Բարֆյան) և Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի (Հասմիկ Ալեքսանյան) ներկայացուցիչները։

Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ հյուրընկալող երկրի երիտասարդական պետական քաղաքականություն մշակող կառույցների, ազգային հովանոց կառույցների, քաղաքացիական հասարակության սեկտորի, ինչպես նաև տեղական և ազգային մակարդակով գործող երիտասարդական կենտրոնների և երիտասարդության ոլորտի հետազոտական կազմակերպություններ ներկայացուցիչների հետ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պետքարտուղարի տեղակալ Իլզե Սալենիեցեին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարության Երիտասարդական քաղաքականության գծով ղեկավարի տեղակալ Ռանդա Կենգեն, Լատվիայի Հանրապետության ազգային երիտասարդական խորհրդի ծրագրերի համակարգող Ռոտա Լացեն և Երիտասարդական միջազգային ծրագրերի գործակալության Երիտասարդական քաղաքականության աջակցման վարչության ղեկավար Նիլս Մոսեյոնոկսը։

Կողմերն անդրադարձել են օրենսդրության ոլորտում լատվիական փորձին, երիտասարդական ենթակառուցվածքների գործունեությանը, պետություն-քաղաքացիական հասարակություն կապին, երիտասարդների կյանքի որակի վրա պետական քաղաքականության ազդեցությանը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության դիրքերից խաչվող ոլորտային քաղաքականությունների մոնիթորինգի իրականացմանը:

Քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ–լատվիական համագործակցության հնարավոր ուղիները: Անդրադարձ է եղել «Էրազմուս+» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի այլ շարք ծրագրերի շրջանակում համագործակցությանը: Նմանօրինակ ծրագրեր կարող են իրականացվել նաև երկկողմ ձևաչափով։

Այցի ֆինանսավորումը կատարվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից: