ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի մի շարք հանրակրթական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։

Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի կրթօջախների պայմաններին և քննարկել ուսումնական տարվա ավարտի հետ կապված ընթացիկ մի շարք հարցեր:

Նախարարի տեղակալի առաջին կանգառը Ազատանի միջնակարգ դպրոցն էր, որի հետնամասում կառուցվում է նոր մասնաշենք: Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել դպրոցի տնօրինության, աշխատակիցների և աշակերտների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նախարարի տեղակալը եղել է նաև Ազատանի մանկապարտեզում, որտեղ ևս ծանոթացել է ուսհաստատության ֆիզիկական միջավայրին ու ենթակառուցվածքներին, ինչպես նաև զրուցել աշխատակիցների հետ: Արաքսիա Սվաջյանը վերջիններիս հորդորել է դիմել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանված տարակարգի համար, որը նրանց հավելավճար ստանալու հնարավորություն կտա:

Նախարարի տեղակալի հաջորդ կանգառը Գյումրու «Ֆոտոն» վարժարանն էր: Արաքսիա Սվաջյանը շրջել է ուսհաստատությունում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին և գույքային հագեցվածությանը: Աշակերտների հետ զրույցում նախարարի տեղակալը նշել է, որ այս տարվանից ողջ հանրապետությունում ներդրվելու է հանրակրթության նոր չափորոշիչը, որում կարևորված է նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման բաղադրիչը: Աշակերտներին հետաքրքրել են նաև ՀՀ հանրակրթական ծրագրերի համադրելիությունը միջազգային ծրագրերին, ԲՏՃՄ առարկաների և լաբորատորիաների հագեցվածության հարցերը, որոնց շուրջ ծավալվել է քննարկում:

Նախարարի տեղակալը եղել է նաև նույն տարածքում գործող Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում, ծանոթացել հաստատության պայմաններին ու ֆիզիկական միջավայրին: Ուսուցիչների հետ հանդիպմանը Արաքսիա Սվաջյանը նրանց հորդորել է մասնակցել է կամավոր ատեստավորման գործընթացին և օգտվել աշխատավարձի բարձրացման հնարավորությունից:

Մարզային այցի ընթացքում նախարարի տեղակալը եղել է նաև ՄԿՈՒ հաստատություններում: Նա այցելել է Գյումրու թիվ 1 և թիվ 3 արհեստագործական ուսումնարաններ, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյումրու մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր:

Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է նշյալ ուսհաստատությունների շենքային պայմաններին, ուսուցանվող մասնագիտություններին և առկա խնդիրներին: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է մասնագիտական ծրագրերի՝ առավել նպատակային իրականացմանը և համապատասխանեցմանը տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքներին:

Նախարարի տեղակալը խոսել է նաև հաջորդ տարի նախատեսվող ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների ատեստավորման գործընթացի մասին, ինչպես նաև հորդորել հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժներին՝ մասնակցելու առաջիկա կամավոր ատեստավորմանը: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև միայն Գյումրու թիվ 1 և թիվ 3 արհեստագործական ուսումնարաններում դասավանդվող մասնագիտություններին և դրանցով զբաղվածության հնարավորություններին՝ հետաքրքրելով, թե պետության կողմից հավելյալ ինչպիսի աջակցության կարիք կա՝ զարգացնելու նման մասնագիտությունները: Փոխնախարարը լսել է նաև ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների դիտարկումները վերոնշյալ հարցերի շուրջ և պատասխանել նրանց հուզող հարցերին: