Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի մայիսի 26-ին: Այս տարի չեմպիոնության համար կպայքարի 6 թիմ՝ «Ուրարտուն», ՖԻՄԱ-ն, «Էրեբունին», ԲԿՄԱ-ն, «Արթիկը» և «Դվինը»։

Բասկետբոլային հանդիպումները կկայանան «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։

Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը հույս է հայտնում՝ առաջնությունը կանցնի լավ պայքարում:

«Մարզերում բասկետբոլի տարածումն ու զարգացումը մեզ համար շատ կարևոր է, այդ իսկ պատճառով որոշեցինք «Արթիկին» հարազատ քաղաքում մի քանի խաղ անցկացնելու հնարավորություն տալ, հատկապես, որ լավ երկրպագուներ ու նաև վերանորոգված դահլիճ կան։ Այս տարի Ա-Լիգան մեկնարկում է գարնան վերջին, դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, սակայն համոզված եմ, որ առաջնությունը շատ լավ պայքարում է անցնելու։ Այն նաև ավելի կարճ է տևելու՝ մոտ 3 ամիս։ Թիմերը մեծ աշխատանքներ են տանում, համալրվում են ուժեղ բասկետբոլիստներով, բոլորն էլ ձգտելու են չեմպիոն դառնալ»,- նշում է Ա-Լիգայի նախագահը։

Լիգայի բացման խաղը կկայանա մայիսի 26-ին՝ ժամը 20։00-ին: Միմյանց դեմ կմրցեն «Ուրարտուն» և «Արթիկը»։

Առաջնության հանդիպումները հիմնականում նախատեսված են երեկոյան ժամերին, իսկ տոմսերը հասանելի կլինեն tomsarkgh.am կայքում։