Մայիսի 15-ից ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է միջազգային փառատոն, որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:

Հոբելյանական փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Արամ Խաչատրյան տրիոյի հետ համատեղ։

Արամ Խաչատրյան տրիոյի մասնակցությունը փառատոնին ներառված է ՀՀ կառավորության կողմից հաստատված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում և իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ծրագրով:

Հինգ օր շարունակ Եկատերինբուրգ քաղաքում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները՝ ընդգրկելով մեծանուն կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուղին` սկսած ուսանողական տարիներից մինչև նրա վերջին՝ ալտի համար գրված սոնատը:

Արամ Խաչատրյանի ամենաշատ կատարվող, ինչպես նաև քիչ հայտնի ստեղծագործությունները ներկայացրել են Ուրալի ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերը, Խաչատրյան տրիոն, Ռուսաստանի և Հայաստանի հայտնի երաժիշտ-կատարողները։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր և լուսանկարներ: Ցուցադրությունը ուղեկցվել է կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմաշարով: