ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մունետիկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օրերս կայացել է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի կազմակերպիչ Հ. Համբարձումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, դասախոսներ, ուսանողներ և արվեստասերներ:

Ողջունելով ներկաներին՝ Զարա Ասլանյանն ընդգծել է, որ «Մունետիկ» ՀԿ-ի ներկայացրած այս ծրագիրն աչքի է ընկել իր տարածականությամբ և հայրենաճանաչության յուրօրինակ մեկնաբանությամբ.

«Երկամսյա այս ծրագիրը նպատակ ուներ հայրենիքն այլ տեսանկյունից ճանաչելի դարձնելու երիտասարդներին, բացահայտելու հայրենիքի մշակութային ժառանգությունը, նորովի վերծանելու ունեցածը և վրձնի հպումով առարկայական ու տեսանելի դարձնելու զգացածը: Ուրախ եմ, որ ծրագիրը պատվով իրականացվեց՝ բացահայտելով նոր տաղանդների, որոնք նկարչական արվեստում գուցե նոր հետք կթողնեն հետագայում»,- ասել է Զարա Ասլանյանը՝ շեշտելով կտավների տեսանելիությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով դրանք ցուցահանդեսի տեսքով տարբեր միջոցառումներում ընդգրկելու հնարավորությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին ծրագրի բարեհաջող ընթացքի և արդյունավետ իրականացման համար, երիտասարդների կրթության, ազգային և հայրենասիրական դաստիարակության գործում կարևորել է նմանօրինակ ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց նշանակությունը և շարունակական բնույթը:

Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել նաև ծրագրում ընդգրկված մասնագետներին, որոնց անցկացրած վարպետաց դասերի շնորհիվ ցուցահանդեսը համալրվել է նոր թեմատիկ աշխատանքներով:

Ցուցահանդեսում ներկայացված են եղել «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի մասնակից երիտասարդների բազմաժանր (գեղանկար, գրաֆիկա, բատիկա և այլն) ստեղծագործությունները: Ծրագրի մասնակիցները տարատեսակ ոճերով և տեխնիկաներով անդրադարձել են իրենց հետաքրքրող հայրենաճանաչողական թեմաներին՝ ստեղծելով յուրահատուկ աշխատանքներ:

Միջոցառման շրջանակում ցուցահանդեսի աջակիցներին ու մասնակիցներին հանձնվել են շնորհակալագրեր: