ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցությանն (AESA) ամենամյա գիտական 22-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը:

Գիտական օլիմպիադայի հիմնական նպատակն է դպրոցականների շրջանում խթանել ճարտարագիտության և գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը: Այս տարվա մրցանակաբաշխությունը մասնակցել են ՀՀ դպրոցների շուրջ 250 աշակերտ և ուսուցիչ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել օլիմպիադայի կազմակերպիչներին և ուսուցիչներին սրտացավ աշխատանքի համար:

«Մենք կարևորում ենք այսօրինակ մրցույթներն ու նախաձեռնությունները, որոնք աշակերտներին մոտիվացնում են զբաղվել գիտությամբ և իրականացնել հետազոտություններ: ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթության և գիտության ոլորտի զարգացմանը. այժմ իրականացվում են կրթության բովանդակային բարեփոխումներ՝ զարգացնելու ԲՏՃՄ կրթությունը հանրակրթական դպրոցներում: Բացի դրանից՝ բոլոր դպրոցներում ստեղծվում են բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, որոնք կնպաստեն հետազոտություններ իրականացնելուն ու առավել շոշափելի արդյունքներ գրանցելուն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ամենամյա գիտական օլիմպիադան ֆիզիկայի, բնական, սոցիալական գիտությունների, ճարտարագիտության և քիմիայի ոլորտների ընդգրկմամբ ակադեմիական մրցույթ է, որն անցկացվում է հիմնական դպրոցի 6-8-րդ դասարանների և ավագ դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտների համար: Աշակերտների նախագծերը գնահատվել են ստեղծարարության, գիտական մոտեցման, ըմբռնման և ներկայացման հիման վրա: Ամենամյա գիտական 22-րդ օլիմպիադայի աշակերտները ներկայացրել են 66 հետազոտական կամ փորձարարական նախագծեր:

AESA 22-րդ գիտական օլիմպիադան տեղի է ունեցել ապրիլի 16-ին և 17-ին, որին առցանց միացել են մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից և ԱՄՆ-ից: Այս տարվա օլիմպիադային մասնակցել է 37 հիմնական և ավագ դպրոցների 133 աշակերտ, որոնցից հաղթող է ճանաչվել 55-ը: Նրանք ստացել են մեդալներ, պատվոգրեր և դրամական պարգև:

Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցության ներկայացուցիչ Վարդան Գևորգյանն իր հերթին շնորհավորել է բոլոր աշակերտներին քրտնաջան աշխատանքի և որակյալ նախագծերի համար. «Մենք գնահատում ենք ուսուցիչներին, ծնողներին, հանձնաժողովի անդամներին և այն աջակիցներին, որոնք AESA-ի 22-րդ գիտական օլիմպիադան դարձրին հաջողված իրադարձություն»:

Սահմանվել են «Տարվա դպրոց» և «Տարվա ուսուցիչ» մրցանակները՝ հիմնված յուրաքանչյուր անվանակարգում և մակարդակում մասնակցող նախագծերի ընդհանուր քանակի վրա: Այս տարի «Տարվա դպրոց» մրցանակը հանձնվել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին, իսկ «Տարվա ուսուցիչը»՝ Վանաձորի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Նելլի Ստեփանյանին: