Սյունիքի մարզ երկօրյա այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Հանդիպմանը քննարկվել են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Սյունիքում կայանալիք համերգների հետ կապված հարցեր։

Պետական աջակցությամբ տարբեր ծրագրեր կիրականացվեն ինչպես արտերկրում, այնպես էլ ՀՀ մարզերում: Այս համատեքստում նշվել է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է Գյումրի և Կապան քաղաքներում մարզային երկու համերգ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ: Կողմերի միջև շահագրգիռ քննարկում է ծավալվել կրթության և մշակույթի ոլորտներում գործող կառույցների հետ տարվող աշխատանքների և նախատեսվող ծրագրերի շուրջ։