ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ. իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում ոլորտի հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետների միջոցով Երևանում և ՀՀ մարզերում կկազմակերպվեն ուսումնամեթոդական, գործնական օգնություն և դասալսումներ: Դրանց կմասնակցեն շուրջ 35 արտադպրոցական ուսումնական հաստատություններ՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ և ստեղծագործական կենտրոններ, ավելի քան 350 դասատու:

Ծրագիրը մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզից: 2023 թ. մայիսի 15-ից այն իրականացվում է ՀՀ Լոռու մարզում՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում: Դրան մասնակցում է Վանաձորի երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների շուրջ 65 դասատու:

Ծրագիրը միտված է դասատուների ներառական դասավանդման հմտությունների զարգացմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն ու կարծրատիպերի վերացմանը:

Ծրագրի արդյունքում ակնկալվում են ուսումնական հաստատություններում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև վերջիններիս կրթության իրավունքի լիարժեք ապահովում: