ՀՀ գիտության կոմիտեում ամփոփվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթը, որը հայտարարվել էր 2022 թ. դեկտեմբերին:

Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ:

Գիտական սարքերի ձեռքբերման նպատակով ՀՀ գիտական կազմակերպություններին տրամադրվող գումարն իր մեծությամբ աննախադեպ է: 2022 թվականին ևս նույն նպատակի համար պետբյուջեից խոշոր հատկացում էր արվել՝ 2 միլիարդ 933 միլիոն դրամ, իսկ մինչ այդ կազմակերպված նախորդ բոլոր մրցույթների արդյունքում տրամադրված գումարները միասին չեն գերազանցել 3 միլիարդը:

Ի տարբերություն գիտական սարքերի ձեռքբերմանն ուղղված մյուս մրցույթների` այս դեպքում գիտական սարքերի գնման գործընթացը կազմակերպելու է ՀՀ գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը:

Ձեռք բերված սարքերը տեղակայվելու են մրցույթին հայտ ներկայացրած՝ ցանկում նշված կազմակերպություններում, սակայն ինչպես պահանջում են մրցույթի պայմանները, այլ կազմակերպությունների համար ևս հասանելի կլինեն:

Սարքերի գնման համար ներկայացված հայտերը գնահատելիս հաշվի են առնվել ոչ միայն գիտական գործունեության համար սարքերի անհրաժեշտությունը, այլև համատեղ օգտագործման մեխանիզմները, շահագործման ծախսերը և դրանց ծախսածածկման հնարավորությունները, հնարավոր եկամուտները, և այլն:

Մրցույթի շահառու կազմակերպությունը պետք է մշակի գնված սարքի/սարքավորման համատեղ օգտագործելու ընթացակարգը և պաշտոնական կայքում հրապարակի սարքի տեխնիկական բնութագիրը և կիրառման հնարավորությունների մասին տեղեկատվությունը, հետագայում նաև կոմիտե ներկայացնի հաշվետվություններ սարքի շահագործման, իրականացված աշխատանքների ծավալի, ստացված արդյունքների վերաբերյալ։

Մրցույթի շահառուների ցանկը