Երկօրյա այցով Կապանում է գտնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նրան ուղեկցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը։

Մարզկենտրոնում գտնվելու ընթացքում Արա Խզմալյանն ու Նորայր Նազարյանն այցելել են «Սյունյաց երկրի» խմբագրատուն, հանդիպել պարբերականի կոլեկտիվի հետ, ծանոթացել լրատվամիջոցի անցած ճանապարհին, ներկա ընթացքին և առաջիկա ծրագրերին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է «Սյունյաց երկրի» խմբագրակազմին հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, նշել լրատվամիջոցի դերը Սյունիքի մարզի առօրյան և հատկապես մշակութային կյանքը լուսաբանելու գործում:

Արա Խզմալյանը բարձր է գնահատել «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի գործունեությունը, որ 2021 թվականից կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Այցի շրջանակում Արա Խզմալյանը հանդիպել է համայնքային գրադարանների ղեկավարներին, ներկայացրել գրադարանների բարեփոխման ծրագիրը։

Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու դրամատիկական թատրոնը մայիսի 16-17-ին հյուրախաղերով հանդես է գալիս ՀՀ Սյունիքի մարզում, և հերթական ներկայացմանը հետևել է նաև ԿԳՄՍ փոխնախարարը։