Լյուքսեմ­բուր­գի Մեծ Դքսությունում մայիսի 10-11-ը կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավար­ման խորհրդի հերթական հանդիպումը:

Հայաստանից հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

2015 թ.-ից Հայաստանը «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ է: Մինչև 2022 թվականը Հայաստանն անդամակցել է «Գինու ուղիներ» մշակութային ուղուն: Վերջին մեկ տարվա ընթացքում ապահովվել է Հայաստանի անդամակցությունը այլ մշակութային ուղիների, այդ թվում՝ «Իմպրեսիոնիզմի», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի»:

Ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավար­ման խորհրդի տարեկան հանդիպման ընթացքում ներկայացվել են «Մշակութային ուղիների» 8 նոր հայտեր: Տեղի է ունեցել առկա 14 «Մշակութային ուղիների» ընթացիկ, ինչպես նաև 2 «Մշակութային ուղիների» արտակարգ կարգավիճակի վերագնահատումը:

Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էր նաև անդամ երկրների «Մշակութային ուղիների» քարտեզագրման, այդ թվում՝ «Հայաստանի մշակութային ուղիների քարտեզագրում» փաստաթուղթը, որը հաստատվել է միաձայն: Փաստաթուղթն ուրվագծում է Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների շրջանակում Հայաստանի մշակութային ներուժը, ներգրավվածության հեռանկարները և համագործակցության հնարավորությունները: «Հայաստանի մշակութային ուղիների քարտեզագրում» փաստաթղթի քննարկման շրջանակում Ֆրանսիայի ներկայացուցիչը հանդես է եկել հատուկ ելույթով՝ բարձր գնահատելով հայկական մշակութային ժառանգության հետագիծը համաշխարհային մշակութային ժառանգության համատեքստում՝ առաջարկելով դիտարկել «Հայկական մշակութային ժառանգության ուղի» նախաձեռնելու հնարավորությունը:

Նշենք, որ ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է կազմակերպել 2024 թ. մայիսի 15-16-ը՝ Լյուքսեմբուրգում:

«Մշակութային ուղիներ» ծրագիրը մեկնարկել է 1987 թ. Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարևորագույն գործոնի: Միաժամանակ ցույց է տալիս, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգության պահպանությանը և կենսունակությանը: