ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր ներկա է եղել «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացմանը: Կենտրոնում ՀԱԱՀ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու կարևոր փափուկ հմտություններ։

Կենտրոնը բացվել է «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունները` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով: Կենտրոնի բացումը 2022 թվականի հունվարին մեկնարկած և այս տարվա հունիսին ավարտվող նախագծի ամփոփումն էր:

Կենտրոնի բացմանը ներկա են եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, նախագծում ՀԱԱՀ գործընկեր համալսարանների (Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարան (MATE), Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան, Հարավային Բոհեմիայի համալսարան), Էրազմուս+ ազգային գրասենյակի, շահակից այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել և ջերմորեն շնորհավորել է ներկաներին «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացման կարևոր իրադարձության կապակցությամբ:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ համաշխարհային աշխատաշուկան շարունակ ենթարկվում է կառուցվածքային վերափոխումների, որոնք ոչ միայն զարգացման հնարավորություններ են ստեղծում, այլ նաև մարտահրավերներ` մասնագետների առջև նոր տեսակի հմտությունների պահանջ առաջ քաշելով:

«Բեկումնային տեխնոլոգիաները և ավտոմատացումը նոր հմտությունների պահանջարկ են առաջացնում ու նոր պահանջներ սահմանում ուսհաստատությունների համար: Մասնագիտական գիտելիքների և կարողունակությունների հետ համահունչ ՝մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են ինչպես մետահմտությունները` մաթեմատիկա, լեզուներ, հիմնարար գիտություն, վերլուծական մտածողություն, այնպես էլ փափուկ հմտությունները` հաղորդակցվելու կարողությունները, հուզական ինտելեկտը, առաջնորդությունը և սոցիալական ազդեցությունը: ՀՀ կառավարության ծրագրային նպատակներից է մարդու ստեղծարար հմտությունների զարգացումը՝ իբրև երկրի զարգացման գրավական: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ քաղաքացու ձևավորմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված են կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, որոնց շարքում են նաև աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտությունների, կրթական ծրագրերի վերանայումն ու լրամշակումը: Նա նշել է, որ ներկայում մշակվող բարձրագույն կրթական ծրագրերի համար հիմք է հանդիսանում որակավորումների ազգային շրջանակը, որը մասնագիտական հիմնարար գիտելիքներին զուգահեռ` սահմանում է փափուկ հմտություններին հատուկ ուսումնառության վերջնարդյունքներ. օրինակ` հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տվյալների հետ աշխատելու, ընդհանրական իմացական հմտություններ և այլն:

«Մշակման փուլում է նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգային փաստաթուղթը, որն արդյունավետ միջոց և նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների համար՝ աշխատավայրում ձեռք բերելու համապատասխան փափուկ հմտություններ: Լիահույս եմ, որ կենտրոնը ամբողջովին ծառայելու է իր նպատակին: Վստահ եմ, որ ՀԱԱՀ-ն էլ իր հերթին կնպաստի վերոնշյալ արդյունքների, նպատակների իրականացմանը, փափուկ հմտությունների զարգացմանն ու մասնագիտական տարբեր ոլորտներում դրանց կիրառմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալությունը հայտնելով նաև Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական, Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական և Հարավային Բոհեմիայի համալսարաններին՝ 2022 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համակարգմամբ իրականացվող այս նախագծին օժանդակելու համար։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Ագրարային համալսարանի մասնագետների վերապատրաստման և համապատասխան մոդուլներ մշակելու գործում ցուցաբերած աջակցության համար. «Նախագծի շրջանակում ստեղծված 5 մոդուլները՝ հաղորդակցման հմտություններ, քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում, առաջնորդություն, հակամարտությունների և ժամանակի կառավարում, թիմային աշխատանք, առաջնային նշանակություն ունեն հայաստանյան աշխատաշուկայում։ Այս իմաստով նորաստեղծ կենտրոնը գործելու է մեր համալսարանում գործարկվելիք «Ուսանողների հաջողության կենտրոնի» և «Գիտելիքի հաբի» ներքո։ Սրանով մենք հաստատում ենք փափուկ հմտությունների կարևորությունը՝ որպես վերջական նպատակ ունենալով Ագրարային համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտի՝ դրանց տիրապետելը», - ասել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Գործընկեր համալսարանների ներկայացուցիչների խոսքից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը և հյուրերը բացել են «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնը»: Նորաբաց կենտրոնում վերոհիշյալ մոդուլների վերաբերյալ ներկայացումներով հանդես են եկել Ագրարային համալսարանի վերապատրաստված մասնագետները։