ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Նահապետավան և Հայկասար բնակավայրերում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայությունների բացման արարողությանը:

Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում: Նախաձեռնությունը համահունչ է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ համագործակցության ծրագրին ու 2021-2026 թթ. պետական զարգացման ծրագրի կրթական նպատակներին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ներկայացուցիչներ ԵՄ պատվիրակությունից, Շիրակի մարզպետարանից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, համայնքի վարչակազմից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Արթիկ խոշորացված համայնքի երկու բնակավայրում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայություններ ստեղծելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործընկերներին բազմակողմ համագործակցությամբ և համատեղ ջանքերով առաջնային խնդիրները լուծելու համար։ «Այս միջոցառումը վկայում է այն մասին, որ Յունիսեֆը ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրականացրած քաղաքականությանը զուգընթաց աջակցում է մեզ՝ կյանքի կոչելու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ծրագրերը։ Ինչպես գիտեք, վերջերս հաստատվեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որտեղ նախադպրոցական կրթության ոլորտում բավականին հավակնոտ թիրախներ են սահմանվել։ Մեր առաջնային թիրախներից է, որ մինչև 2030 թվականը 5-6 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը ստանա նախադպրոցական կրթություն։ Շուրջ 200 բնակավայր ունենք, որտեղ նախադպրոցական հաստատություն չկա, և տարբեր ծրագրեր ենք իրականացնում՝ բացը լրացնելու ուղղությամբ։ Եվ այլընտրանքային հաստատության մոդելը որոշ համայնքների համար լավագույն լուծումն է, ինչի շնորհիվ, օրինակ, Հայկասար բնակավայրում 11 երեխա այսօր կստանա նախադպրոցական կրթություն։ Վստահ եմ՝ այն բոլոր երեխաների համար, որոնք արդեն իսկ ստացել են նախադպրոցական կրթություն, դպրոցի ուսումնառությունը կլինի ավելի արդյունավետ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Քրիստինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքը շարունակական կլինի, և կընդլայնվի համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը: Քրիստինե Վայգանդն ընդգծել է, որ ծնողավարությունն աշխարհում ամենակարևոր և ամենադժվար աշխատանքն է։ «Ծնողները աջակցության կարիք ունեն հաջողության հասնելու համար. նրանց պետք է հասանելի լինեն տարբեր ծառայություններ, այդ թվում՝ իրենց փոքրիկներին նախադպրոցական կրթություն տալու հնարավորություն: Փոքր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնադրմամբ՝ մենք հույս ունենք աջակցել ծնողներին, իսկ երեխաներին տրամադրել ապահով մի վայր, որտեղ նրանք կսովորեն կյանքի համար անհրաժեշտ հմտություններ», - հավելել է նա: