ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր:

Քննարկված հարցերի թվում էին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց 68 հասցեի բնակելի տան ճակատային պատի ամրակայման և նորոգման էսքիզային նախագիծը, որը որոշակի պայմաններով համարվել է ընդունելի, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջան, Սայաթ-Նովա պողոտա հ.1/4 հասցեում գտնվող այգու բարեկարգման և սրճարանի վերակառուցման էսքիզային նախագիծը, որը խորհրդի անդամների մի շարք դիտողություններով և միաձայն քվեարկությամբ մերժվել է:

Նիստում քննարկվել է նաև ՀՀ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը, որը որոշակի առաջարկներով և մանրամասն վերլուծություն իրականացնելու պահանջով արժանացել է հավանության:

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու վերականգնման հարցը որոշվել է առավել մանրամասն քննարկել տեղում՝ արտագնա նիստի ընթացքում:

Օրակարգի վերջին հարցը՝ Երևանի պետական համալսարանի գրադարանի մասնաշենքի բակային տարածքի վերակառուցման՝ հուշ-պուրակի կառուցման էսքիզային նախագիծը խորհրդի անդամների որոշակի դիտողություններով համարվել է ընդունելի և ուղարկվել լրամշակման: