ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Երևանի Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների «Հրաժեշտ Այբբենարանին» տոնական միջոցառմանը:

Միջոցառմանը հրավիրված էին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, ԲԴԽ անդամներ, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Երեխաները հանդես են եկել Մաշտոցյան այբուբենին նվիրված ելույթներով, ազգային երգերի ու պարերի կատարումներով: Որպես միջոցառման ամփոփում՝ երեխաները կիսվել են իրենց նվիրական երազանքներով:

Նրանց իր բարեմաղթանքն է հղել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը. «Ցանկանում եմ, որ միշտ լավ սովորեք, ունենաք բազում հետաքրքրություններ, վայելեք ձեր մանկության յուրաքանչյուր վայրկյանը»:

Միջոցառման ավարտին պաշտոնյաները նորավարտ առաջին դասարանցիներին նվիրել են խորհրդանշական՝ օրհնված «Ա» տառեր, շնորհավորել Այբբենարանն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել կանաչ ճանապարհ:

Նշենք, որ Երևանի թիվ 22 դպրոցը 44-օրյա պատերազմի հերոս, ԵՊՀ լավագույն ուսանող, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունով անվանակոչվել է 2022 թվականի հունիսի 21-ին՝ Երևանի ավագանու միաձայն որոշմամբ: