ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ու «FUNDACJA LAJA» հիմնադրամի (Լեհաստան) կազմակերպած ուսումնաճանաչողական այցի շրջանակում Հայաստան ժամանած շուրջ 30 հյուրեր՝ Լեհաստանից, Չեխիայից և Վրաստանից:

Հյուրերին ընդունել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը և ներկայացրել երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը:

Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կազմակերպված այցի ընթացքում պետական և ոչ պետական կառույցների 29 ներկայացուցիչներ այցելել են Սպիտակ, Գյումրի և Արմավիր, հանդիպել համայնքապետարանների ներկայացուցիչներին, եղել Գյումրու «Թումո» կրթական կենտրոնում, Օրրանում, COAF-ում: Ուսումնական այցի նպատակն է` բարձրացնել երիտասարդական քաղաքականության մշակման և երիտասարդական աշխատանքի իրականացման արդյունավետությունը՝ պետական և ոչ պետական կառույցների միջոլորտային համագործակցության ու երիտասարդների մասնակցության խթանման միջոցով։

Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն ընդգծել է՝ Հայաստանում երիտասարդական պետական քաղաքականության հիմքում ընկած է այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ երիտասարդները կունենան առավելագույն հնարավորություններ:

«Երիտասարդական քաղաքականությանն ուղղված ծրագրերը կարող ենք բաժանել երկու մասի՝ ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների, գիտելիքների ու հնարավորությունների զարգացմանը, օրինակ՝ մեդիագրագիտության, ֆինանսական գրագիտության, առողջ ապրելակերպի հետ կապված գիտելիքների բարձրացման վերաբերյալ: Եվ երկրորդ՝ ծրագրեր, որոնց միջոցով երիտասարդներին իրազեկում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս իրականացվող միջոցառումների մասին և ստեղծում հնարավորություններ դրանց մասնակցելու համար»,- ասել է Զարա Ասլանյանը:

Նա նաև տեղեկացրել է՝ Երևանից դուրս՝ մարզերում, երիտասարդական միջավայր ապահովելու նպատակով մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել երիտասարդական 25 կենտրոն, որտեղ ինտելեկտուալ ժամանցին զուգահեռ երիտասարդները կբացահայտեն իրենց կարողություններն ու հնարավորությունները:

Մյուս կարևոր ծրագիրն, ըստ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի, երիտասարդ ընտանիքիներին մատչելի բնակարաններով ապահովելուն է ուղղված, որի շնորհիվ երիտասարդներն իրենց համայնքներում ապրելու և գործունեություն ծավալելու հնարավորություն են ստանում:

Զարա Ասլանյանը նաև հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը, որին մասնակցում են մարզերում գործող երիտասարդական կենտրոնների աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ: Նախատեսվում է խթանել նաև երիտասարդական աշխատանքի և կամավորության համակարգային զարգացումը:

«Ամենակարևոր կետերից մեկը նախարարության համագործակցությունն է մեր գործընկեր կառույցների՝ երիտասարդական կազմակերպությունների հետ: Հենց մեր գործընկերների հետ այժմ աշխատում ենք «Երիտասարդության մասին» օրենքի մշակման ուղղությամբ: Սա նախարարության առաջնահերթություններից է և ոլորտի կարգավորման տեսանկյունից կարևոր պահանջ»,- ընդգծել է Զարա Ասլանյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարության ներկայացուցիչներին. դրանք վերաբերել են երիտասարդական մայրաքաղաքներին, ընտրության չափորոշիչներին ու այդ քաղաքներում իրականացվող ծրագրերին: Հյուրերը Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել են նաև Մեծամոր, որը 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաքն է:

Երիտասարդական մայրաքաղաքների թեմային անդրադարձել է վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանը. «Ծրագիրը երկու նպատակ ունի՝ համայնքում ակտիվացնել երիտասարդական կյանքը և զարգացնել համագործակցությունը երիտասարդական կազմակերպությունների, համայնքային իշխանությունների ու նախարարության միջև: Այս առումով ևս կարող ենք փաստել, որ համագործակցությունը տարեցտարի հաջողում է: Երբ առաջին անգամ Սիսիանը հռչակվեց ՀՀ երիտասարդական մայրաքաղաք, այնտեղ երիտասարդական հասարակական կազմակերպությունները շատ քիչ էին, երիտասարդական կյանքն էլ շատ պասիվ էր, բայց ծրագրի արդյունքում մինչև օրս Սիսիանում ունենք երիտասարդական կազմակերպություններ, որոնք ակտիվ կապի մեջ են նախարարության հետ և իրականացնում են տարբեր ծրագրեր»:

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանի խոսքով՝ ուսումնաճանաչողական այցը միջազգային խմբերին հնարավորություն է տվել ծանոթանալու Հայաստանում գործող և երիտասարդների հետ աշխատանք իրականացնող պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև միջոլորտային համագործակցության ծրագրերի լավագույն փորձին, ապահովելու մասնակիցների մասնագիտական աճը, հաստատելու նոր համագործակցություններ և սկիզբ դնելու նոր գաղափարների ու ծրագրերի:

«Հայաստանում երիտասարդական ոլորտի և պետության միջև համագործակցությունն այժմ նոր թափ է հավաքել և սկսել է իր պտուղները տալ: Կարծում եմ՝ միջազգային խմբերի համար սա լավ փորձ էր՝ տեղում հասկանալու պետության մոտեցումն ու պետական ծրագրերը՝ ուղղված երիտասարդական քաղաքականությանը»,- նշել է Արթուր Նաջարյանը:

Հյուրերը հետաքրքրվել են նաև Հայաստանում երիտասարդների համար ստեղծված հնարավորություններից, մարտահրավերներից և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներից: