Երևանի պետական հումանիտար քոլեջում այսօր կազմակերպվել է «ՄԿՈՒ հնարավորությունները և մեթոդական լուծումները զբոսաշրջության ոլորտում» խորագրով համաժողովը:

Միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, «Մասնավոր հատվածի զարգացում և ՏՄԿՈՒ Հարավային Կովկասում» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրի ղեկավար Արամ Բաբայանը, միջին մասնագիտական կրթություն իրականացնող 18 հաստատության, բուհերի, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Գործատուների միության անդամներ:

Համաժողովի նպատակը պետական և մասնավոր հատվածների համագործակցության խթանումն է և ընդհանուր խնդիրների վերհանումը:

ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը նշել է, որ նման հարթակները շատ կարևոր են ոլորտի ներկայացուցիչների երկխոսության կայացման, փորձի փոխանակման, ոլորտի խնդիրները քննարկելու, ինչպես նաև լավագույն լուծումներ գտնելու համար: Նա ընդգծել է նաև մասնավոր հատվածի գործընկերների հետ երկխոսության կարևորությունը, քանի որ մասնավոր ոլորտի կարիքների հիման վրա է իրականացվում կրթական ծրագիրը, որով աշխատաշուկան ապահովվում է մասնագետներով:

«Արդեն հաստատվել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը» և գործողությունների պլանը, և այժմ շրջանառության մեջ է «Մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը, որը ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակությունն է: Զարգացման ծրագրում և օրենքում տեղ են գտել դրույթներ, որոնք պայմանավորում են մասնավոր ոլորտի հետ համագործակցության ավելի լայն և ճկուն մեխանիզմների ներմուծումը»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

Համաժողովի օրակարգային հարցերից էին «Մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագծի կարգավորումները զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստող հնարավորությունների և դժվարությունների տեսանկյունից, մասնավոր հատված-պետություն համագործակցության առկա իրավիճակը, զբոսաշրջության և սպասարկման ոլորտի ՄԿՈՒ որակավորումներով կրթական ծրագրերի կազմակերպման փորձը և այլն:

Համաժողովը շարունակվելու է նաև մայիսի 12-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Համաժողովը կազմակերպվել է «Մասնավոր հատվածի զարգացում և ՏՄԿՈՒ Հարավային Կովկասում» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրի աջակցությամբ: