ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել էին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամները, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր համայնքները (Գյումրի, Սևան, Էջմիածին, Եղվարդ, Արմավիր, Ոսկեհատ և այլն):
Հայաստանի եվրոպական դեսպաններին ընդունել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Նա ողջունել է ներկաներին՝ անդրադառնալով հանդիպման նպատակին. «Այս հանդիպմամբ ցանկանում ենք ծանոթանալ համայնքներում ձեր գործունեությանը և զուգահեռ ներկայացնել ԿԳՄՍ նախարարության՝ երիտասարդության ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Քննարկման արդյունքում կհասկանանք ռեսուրսների համադրելիությունը և հետագա համագործակցության հնարավորությունները»:
Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն ընդգծել է, որ պետական քաղաքականության առաջիկա մարտահրավերներից է երիտասարդության մասին օրենքի մշակումը, ինչից կբխի նաև ռազմավարությունը: Այս համատեքստում նա կարևորել է երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրումը, որի նպատակն է երիտասարդներին օրենքի մշակման գործընթացի մաս դարձնելը:
Երիտասարդ եվրոպական դեսպանները համառոտ ներկայացրել են իրենց գործունեությունը՝ նշելով, որ աշխատանքները չեն սահմանափակվում միայն տվյալ համայնքում. դրանց սահմաններն ընդգրկում են այլ համայնքներ ևս՝ ստեղծելով համագործակցային պայմաններ:
Հանդիպմանը քննարկվել են պետության և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության հնարավոր համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում: Կողմերն անդրադարձել են պետական կառավարման համակարգում կամավորների ներգրավումը խթանելու անհրաժեշտությանը, մասնավորապես՝ պետական միջոցառումների կազմակերպման, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աջակցության, երիտասարդական կենտրոնների ստեղծման ու կայացման և այլ հարցերում: Քննարկվել են նաև եվրաակումբների ցանցի ընդլայնումը դպրոցների միջոցով, ինչպես նաև Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ երիտասարդ դեսպաններն առաջնահերթ են համարել Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի ակտիվացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական և հստակեցնել հետագա անելիքները: