ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:

Առաջնությունն անցկացվել է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի (AFA) և Աշխարհի բազկամարտի ֆեդերացիայի (WAF) կանոնակարգերի համաձայն:

Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով: Մասնակիցներից 26-ը եղել է զինհաշմանդամ:

Նստած սպորտային դասակարգման մինչև 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սարգիս Ստեփանյանը, իսկ ձախ ձեռքով 100 և ավելի քաշային կարգում՝ Սերոբ Հովհաննիսյանը: Աղջիկների պայքարում կանգնած սպորտային դասակարգումում մինչև 65 կգ և ավելի քաշային կարգում աջ ձեռքով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Նաիրա Մեսրոպյանը:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ կազմ է հավաքել, տպավորել են հատկապես երիտասարդ՝ 14-23 տարեկան մարզիկները, որոնք բավական լավ են հանդես եկել և բարձր մրցակցություն ապահովել:

Հայաստանի առաջնությունում 1-ին և 2-րդ տեղեր զբաղեցրած մարզիկներով կձևավորվի Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը, որը հանդես կգա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:

Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ հայ մարզիկներն ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Երևանում և Ծաղկաձորում: