Լույս է տեսել ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը, որում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Միշել Պետրոսյանի Թավջութակի կոնցերտները:

Ալբոմը ձայնագրվել և հրատարակվել է դասական երաժշտության ձայնագրման առաջատար BIS Records լեյբլի կողմից. ձայնագրությունն իրականացվել է ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Կոնցերտների մենակատարն է բրիտանաբնակ անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, որը հանդես է գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարձրակարգ նվագակցությամբ`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:

‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը բացում է Արամ Խաչատրյանի Թավջութակի մի մինոր կոնցերտը՝ գրված 1964 թ.-ին: Ստեղծագործությունը ներառում է հայկական և վրացական ֆոլկլորի բազում երաժշտական ակնարկներ և ռիթմիկ պարեր: Այն ավելի մոտ է թավջութակի համար գրված սիմֆոնիայի, քան կոնցերտի: Երկրորդ ստեղծագործությունը Առնո Բաբաջանյանի Թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտն է (1962), որի արմատները ձգվում են դեպի հայկական ժողովրդական երաժշտություն: Ձայնասկավառակն ավարտվում է հայկական ծագումով ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի Թավջութակի կոնցերերտով՝ գրված 2022 թ.-ին: Կոնցերտը կրում է ‹‹8.4›› անվանումը, այն հղում է Ծննդոց գրքի 8-րդ գլխի 4-րդ խոսքին, որտեղ առաջին անգամ հիշատակվում է Արարատ լեռը: Ստեղծագործությունը փառաբանում է ‹‹սուրբ լեռան››՝ Արարատի խորհրդանշական և հոգևոր կողմերը և միավորում է հայկական ու բյուզանդական հոգևոր-ծիսական երաժշտությունը:

Նշենք, որ ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը պայմանականորեն համարվում է BIS Records-ի 2011 թ.-ին թողարկած ‹‹Հայկական ռապսոդիա›› ձայնասկավառակի շարունակությունն է, որտեղ նույնպես ներկայացված են թավջութակի համար գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: