ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ին մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների 10-րդ հանրապետական մրցույթը:

Պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատեսին հնարավորություն է ստացել մասնակցելու 15 հայազգի պատանի կոմպոզիտոր:

Կրտսեր խմբում հանդես կգան Գագիկ Ավետիսյանը, Վիլյամ Չիլինգարյանը, Արտաշես Մոսինյանը, Հայկ Ջուլհակյանը, Արմեն Շահվերդյանը, Շավարշ Սիրեկանյանը: Ավագ խմբում հանդես կգան Սյուզաննա Աղամալյանը, Արաքս Ասճյանը, Արման Աֆրիկյանը, Արսեն Գարսոյանը, Ալեքս Գևորգյանը, Էրիկա Մարկոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Էդգար Մխիթարյանը, Վիկտորիա Ուլիխանյանը:

Առաջին փուլը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում, երկրորդ փուլը՝ Դիլիջանում, մայիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահում: Գալա համերգը կկայանա մայիսի 13-ին՝ ժամը 18:00-ին, Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահում:

Մրցույթի ընթացքում պատանի կոմպոզիտորները հանգրվանելու են Էդվարդ Միրզոյանի անունը կրող Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը. այն կնպաստի տոնական մթնոլորտի ձևավորմանն ու հիանալի հնարավորություն կստեղծի մի քանի օր շարունակ միասին անցկացնելու մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող կառույցում։

Հավելենք՝ բացի մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցներից՝ գալա համերգին ելույթ կունենան նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Միրզոյանի անվան առաջին մրցույթի հաղթող Ալեքսանդր Հարությունյանը, ինչպես նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը:

Մուտքն ազատ է: