Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 5-ին անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԿԳՄՍՆ Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը:
1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին, ընդհանուր առմամբ, 5700 աշակերտ է մասնակցել՝ հանրապետության 527 դպրոցից: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ընտրական փուլերի արդյունքում 1-ին տեղեր գրաված ուժեղագույն 11 թիմերի 110 աշակերտներ:
Համառ և անզիջում մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով (կցորդ անիվներով) և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում»:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 131 հիմնական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արմավիրի մարզի Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմնական դպրոցի թիմը:
Միջոցառման բոլոր մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։