ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներին համատեղ իրականացվող մեծածավալ աշխատանքների համար և նշել. «ԿԶՆԱԿ-ի դերը կրթության բովանդակային գործընթացում շատ մեծ է, ինչը յուրաքանչյուրիս համար մեծ պատասխանատվություն է, բայց նաև հնարավորություն՝ բովանդակության և որակական փոփոխությունների վրա դրականորեն ազդելու առումով»:

Ըստ նախարարի՝ Տավուշի մարզում իրականացված հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ փոփոխությունների արդյունքը համբերատար և հետևողական աշխատանքով է պայմանավորված: Նախարարը շեշտել է, որ ջանքերն ու աշխատանքների ծավալն առաջիկայում պետք է կրկնապատկել՝ 2023 թ. սեպտեմբերից ՀՀ բոլոր դպրոցներում Հանրակրթության նոր չափորոշիչի արդյունավետ փուլային ներդրման նպատակով:

«Միասին շատ կարևոր գործընթացի շատ կարևոր փուլում ենք. սեպտեմբերից դրվելու է չափորոշիչների փուլային ներդրման սկիզբը: Ցանկանում եմ ընդգծել, որ նախապատրաստական աշխատանքների որակը շատ ավելի կարևոր է, որ կարողանանք գործնական փուլում խուսափել մեզ արդեն ծանոթ խնդիրներից ու դժվարություններից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Քննարկմանն ընդգծվել է վերապատրաստումների ընթացքում արձանագրված խնդիրների լուծման մեթոդաբանության մշակման, աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություների, նոր առաջարկների անհրաժեշտությունն ու իրականացման կարևորությունը: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ իրականացվող աշխատանքների արդյունավետության տեսանկյունից անհրաժեշտ է զարգացնել մենթոր դպրոցների կարողությունները, ինչը հնարավորություն կտա խնայել ռեսուրսները և սերտացնել դպրոցների միջև կապը:

Հանդիպման ընթացքում աշխատակիցները նախարարին են ուղղել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները: