Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա ընթացքում ամփոփվել են Հայաստանում «Իմուն Պարեկ» ծրագրի ներդրման առաջին փուլի արդյունքները:

Ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին:

Ծրագիրը փորձնական իրականացվել է Հայաստանի 5 դպրոցներում՝ ապագայում Հայաստանի կրթական համակարգում ներդրման հեռանկարով։

Ամփոփիչ միջոցառմանը «Իմուն Պարեկ»-ին մասնակից դպրոցների թիմերը ներկայացրել են ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքները և պատվաստումների միջոցով կանխարգելող հիվանդությունների՝ կարմրուկի, հեպատիտի, ՔՈՎԻԴ-19-ի, ջրծաղիկի, ինչպես նաև այլ հիվանդությունների վերաբերյալ հետազոտությունները։

Պիլոտային ծրագրի ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են «Իմուն Պարեկ» ծրագիրը կիրառած դպրոցների, ազգային առողջապահական, կրթական մարմինների և մասնագիտական բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչներ:

Մասնակից դպրոցներին և աշակերտներին շնորհվել են պատվոգրեր և շնորհակալագրեր։