Կամերային երաժշտության ազգային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը:

2003 թվականից «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը» հրատարակում է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարը: Տասներկուհատորյա այս յուրահատուկ հավաքածուն նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Գոգոլի, Ֆեոդոր Տյուտչևի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Պուշկինի, Աննա Ախմատովայի, Նիկոլայ Ռուբցովի, Միխայի Լերմոնտովի, Սերգեյ Եսենինի, Վասիլի Շուկշինի, Միխայիլ Շոլոխովի, Միխայիլ Լոմոնոսովի ստեղծագործություններում ուղղափառության գաղափարախոսությանը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» նախագահ Վալերի Ալեքսեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, «Ռուսական գրքի տուն» ՀԿ տնօրեն Ստեփան Կիրակոսյանը, պետական և հոգևոր այրեր, մշակույթի, կրթության ոլորտների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և անդրադարձել հայ-ռուսական մշակութային կապերի բազմադարյա պատմությանն ու մշակույթների փոխկապակցությանը. «Մշակույթը միավորում է մարդկանց, հասարակություններին և ազգերին՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելիությունից, և մեր միջև առկա է փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի այս անսպառ աղբյուրը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները մշակույթի և կրթության ոլորտում ոչ միայն շարունակում են զարգանալ, այլև ձեռք են բերում նոր ձևաչափեր։ Դրա վկայությունն են այսօրվա միջոցառումը, օրեր առաջ Երևանում անցկացված մշակույթի ոլորտի հայ-ռուսական կրթական ֆորումը, 2022 թվականին Ռուսաստանում անցկացված հայկական մշակույթի և Հայաստանում անցկացված ռուսական հոգևոր մշակույթի օրերը, ինչպես նաև մի շարք համատեղ այլ միջոցառումներ, նախագծեր, որոնք պարբերաբար անցկացվում են երկու երկրներում»։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին` «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» և «Ռուսական գրքի տան» ղեկավարներին՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը խթանելու և մշակույթի միջոցով կապերն առավել ամրապնդելու հնարավորության համար:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» նախագահ Վալերի Ալեքսեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Իրենց խոսքում բանախոսներն անդրադարձել են հայ-ռուսական հոգևոր-մշակութային կապերին և նշել, որ շնորհանդեսի անցկացումը Հայաստանում հատկանշական է, քանի որ մատենաշարում ընդգրկված գրողները նույնպես ստեղծագործական, հոգևոր, մշակութային, բարեկամական կապեր են ունեցել Հայաստանի և հայ մտավորականների հետ:

Նշենք, որ շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարի նվիրատվություն՝ գրադարաններին: