ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին ներկայացվել են նախարարության ենթակայության թանգարանների 2022 թվականի գործունեության հաշվետվությունները:

Արդեն իսկ 17 թանգարաններ ներկայացրել են 2022 թվականի գործունեության հաշվետվությունները՝ կազմակերպած միջոցառումները, ցուցահանդեսները, գիտական ծրագրերը, այցելուների քանակը, տեղական, միջազգային համագործակցությունները և այլն:

Նախարարի տեղակալը հանդիպումների ընթացքում հատկապես կարևորել է թանգարանների միջազգային և գիտական գործունեության զարգացմանը, նոր համագործակցությունների հնարավորություններին, ինչպես նաև այցելուների սպասարկման բարելավմանն ուղղված քայլերը:

Պետք է նշել, որ նախարարության ենթակայության թանգարաններում 2022 թվականին գրանցվել են վերջին 10 տարիների համեմատությամբ աննախադեպ այցելություններ:

Այսպիսով, 2022 թվականին նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1078645 այցելու, թանգարանների ֆոնդի թիվը կազմել է 1972375 թանգարանային առարկա: Թանգարանային ֆոնդը համալրվել է 17019 թանգարանային առարկայով, իրականացվել են 225 ժամանակավոր ցուցահանդես, 2713 գիտակրթական ծրագրեր և միջոցառումներ:

Հաշվետվությունների ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է նախորդ տարվա ցուցանիշների գերազանցումը, որի համար արդեն իսկ նախարարության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: