Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին:

Հանդիպմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ծանրամարտի, Մարմնամարզության, Ըմբշամարտի և Սամբոյի ֆեդերացիաների նախագահները, նշյալ մարզաձևերի մարզիչները:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել պետական աջակցությամբ միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մեր մարզիկների հաջողությունների շարունակական խրախուսման, արձանագրվող բարձր առաջընթացի պահպանման, սպորտի մասսայականացման, տարբեր մարզաձևերում կանանց ներգրավվածության մեծացման, մարզական ենթակառուցվածքների կառուցման, մարզիչների ատեստավորման գործընթացի, ֆեդերացիաների գործունեության հաշվետվողականության և մի շարք այլ հարցերի շուրջ:

«Վերջին օրերին «11 ոսկի՝ 8 օրում» կարգախոսը թերևս Հայաստանում ամենաշատ բարձրաձայնված կարգախոսն է, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այդ կարգախոսը կերտելու համար: Իհարկե, խոսքը միայն ոսկե մեդալների մասին չէ. ուզում եմ ընդգծել նաև մեր բոլոր այն մարզիկներին, ովքեր մեդալ են նվաճել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունեցել: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այդ արդյունքների համար և հույս հայտնել, որ դա ինչ-որ կերպ նաև արձագանք է այն քաղաքականությանը, որը Կառավարությունը վարում է սպորտի բնագավառում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է սերունդների և սպորտային ավանդույթների միջև կապը՝ նշելով, որ մրցահարթակում փայլում են թե՛ արդեն իսկ գործող չեմպիոն մարզիկները, թե՛ նոր չեմպիոնները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է բոլոր մարզիկներին հաղթանակների առթիվ և անդրադարձել ընթացիկ մարզական ցուցանիշներին՝ նշելով, որ թվերը շատ խոսուն են. «Այս պահին ունենք 110 մեդալ՝ 28 ոսկե, 25 արծաթե, 57 բրոնզե. խոսքը միայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեր ունեցած մեդալների մասին է: Կարծում եմ՝ տարին շատ լավ ենք սկսել, և մինչև տարեվերջ դեռ բազմաթիվ առիթներ կունենանք՝ մեծացնելու այս ցուցանիշները: Շատ կարևոր եմ համարում ևս մեկ հանգամանք ընդգծել. մենք նկատում ենք, որ մարզաձևերում արդյունքներ են գրանցում թե՛ մեծահասակները, թե՛ երիտասարդները, ինչը շատ կարևոր է և ցույց է տալիս, որ շարունակականություն ունենք»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023 թվականի առաջնության կազմկոմիտեի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել խորհրդանշական նվեր՝ առաջնության խորհրդանիշ հայկական մուֆլոնի արձանիկը:

«Մեր հավաքականի բոլոր անդամները մրցանակակիր դարձան, և իրենց համար շատ կարևոր է զգալ, որ պետությունը նեցուկ է, սատարում է ու ամեն ինչ անում է: Սա իսկապես ճիշտ աշխատանքի, շարունակական սատարման արդյունք է. երբ նախորդ տարի հավելյալ օժանդակություն տվեցինք ֆեդերացիաներին, դրանով նպաստեցինք, որ նրանք կարողանան հավելյալ ուսումնամարզական հավաք անցկացնել, հավելյալ մրցումների մասնակցել»,- ասել է Կարեն Գիլոյանը: