Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերջերս Զագրեբում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և 2 ոսկե ու 1 բրոնզ մեդալ նվաճել:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանն ու Սամվել Գևորգյանը ԵԱ-ի մեդալակիր մարզիկների հետ այսօր հանդիպել են լրագրողներին, ամփոփել Եվրոպայի առաջնությունն ու խոսել առաջիկա ծրագրերի մասին:

Գլխավոր մարզչի գնահատականը՝ մարզիկների ելույթներին

Արմեն Բաբալարյանը նախ անդրադարձել է հավաքականի բոլոր մարզիկների ելույթներին:

«Ռուդիկ Մկրտչյանն այնքան էլ լավ հանդես չեկավ: Իր ելույթներից այնքան էլ գոհ չեմ, քանի որ կարող էր անել ավելին: Գևորգ Ղարիբյանը վիրահատությունից հետո էր վերականգնվել, չէր մասնակցել միջազգային մրցաշարերի: Եվրոպայի առաջնությունում պարտվեց Էդմոնդ Նազարյանին ու իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, որտեղ, ցավոք, պարտվեց: Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց, ինչի համար շնորհավորում եմ: Սա նրա առաջին մեդալն էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Ցանկանում եմ, որ շարունակական լինեն հաջողությունները: Սլավիկ Գալստյանից էլ գոհ չեմ: Անհասկանալի պատճառներով պարտվեց, շուտով հավաքներ ենք անելու, կխոսենք ու կհասկանանք, թե ինչ խնդիր կա: Շանթ Խաչատրյանը լավ հանդես եկավ. երկու գոտեմարտ հաղթելուց հետո հանդիպեց աշխարհի նախորդ տարվա չեմպիոնին, որը ներկայացնում էր Սերբիան: 4-3 հաշվով հավասար պայքարից հետո պարտվեց: Շանթից այնքան էլ դժգոհ չեմ, թեև կարող էր ավելին անել:

Մալխաս Ամոյանը հերթական 3-4 գոտեմարտեր հաղթելուց հետո եզրափակչում հանդիպեց սերբ Նեմեշին: Ներքին ձայնս ինձ հուշում էր, որ Մալխասը չի պարտվելու: Իսկական չեմպիոնական բնավորություն ցույց տվեց: Հաղթելու ցանկությունը մեծ էր ու մինչև վերջին վայրկյանը պայքարեց՝ մեծ կամք դրսևորելով: Սամվել Գրիգորյանը բավական վստահ մեկնարկեց, բայց հետո իր երիտասարդ և անփորձ լինելն իրեն խանգարեց ու չկարողացավ շարունակել պայքարը: Վիգեն Նազարյանը երկու հաղթական գոտեմարտ անցկացնելուց հետո հանդիպեց շվեյցարացի ըմբիշի հետ և կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի արդյունքում զիջեց մրցակցին:

Արթուր Ալեքսանյանի ելույթին բնականաբար գերազանց գնահատական կտամ: Արթուրը մեկ ոտքով հաղթեց եզրափակչում, քանի որ առաջին վայրկյաններից մրցակիցը հարվածեց նրա ոտքին, հեմատոմա էր առաջացել. Արթուրը բնավորություն ցույց տվեց, ինչպես միշտ է անում: Դավիթ Օվասափյանի մոտ արդեն դրական շարժ ենք նկատում: Հուսանք նա ավելի կավելացնի ու հաջորդ մրցումներում ավելի շատ կուրախացնի մեզ»,- ասել է Արմեն Բաբալարյանը:

Դեպի Օլիմպիական կրկնակի չեմպիոնություն

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում կարիերայում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, լրագրողների հետ հանդիպման ընթացքում կիսվել է տպավորություններով:

«Իմ բոլոր հաղթանակներն ունեն իրենց տեղը, քանի որ յուրաքանչյուր հաղթանակի համար գիտեք՝ ինչքան աշխատանք ենք կատարում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Մեր մարզիչներն էլ աշխարհի ուժեղագույն մարզիչներն են: Եվրոպայի առաջնության 10 քաշային կարգերում երկու ոսկե մեդալ նվաճելը Հայաստանի հավաքականի համար լուրջ նվաճում է: Ամեն ինչ անելու ենք, որ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում լավ հանդես գանք, հետո նաև Օլիմպիական խաղերում բարձր պահենք մեր երկրի պատիվը»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Անվանի ըմբիշը նշել է՝ իր գերնպատակն Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն դառնալն է. «Նպատակ ունեմ Փարիզում անել այն, ինչը չստացվեց Տոկիոյում: Շատ ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էի ու պատրաստ էի Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ, բայց կիսաեզրափակչում ստացածս վնասվածքն ինձ խանգարեց: Հիմա ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ Փարիզի 2024 թվականի խաղերում ոսկե մեդալ նվաճեմ»:

Ճակատագրական հնարքը

Եվրոպայի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած Մալխաս Ամոյանը եզրափակչի վերջին վայրկյաններին հաղթանակի հասավ՝ կատարած անսպասելի հնարքի շնորհիվ: Մարզիկն ասում է՝ եզրափակիչ գոտեմարտից այնքան էլ գոհ չէ. «Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալ: Այս անգամ ավելի բարդ ստացվեց: Լավ էինք պատրաստվել մեր մարզիչների օգնությամբ: Եզրափակչում մրցակիցս լավ էր պատրաստվել ու ամեն ինչ անում էր հաղթանակի համար: 20 վայրկյանում կարողացա հնարք կատարել ու հետ բերել կորցրածս: Եզրափակիչ գոտեմարտից այնքան էլ գոհ չեմ, քանի որ եթե այդ հնարքը չանեի, գուցե դա ճակատագրական լիներ ինձ համար»:

Ամոյանի խոսքով՝ այս հաղթանակն իրեն վստահություն է տվել՝ հետագա մրցումների համար:

«Այս հաղթանակն ինձ ավելի մեծ ուժ տվեց այս քաշային կարգում: Հաջորդ մրցաշարերին ավելի վստահ կմոտենամ: Այդուհանդերձ, բացերը շատ են: Ամեն ինչ պետք է անեմ մարզիչների օգնությամբ բացերը լրացնելու և աշխարհի առաջնությանը պատրաստ մոտենալու համար, որը Փարիզ տանող ճանապարհի գլխավոր կետն է»,- եզրափակել է Մալխաս Ամոյանը:

Առաջին մեդալը մեծահասակների պայքարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը, որը Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել, ևս կիսվել է տպավորություններով:

«Մեծահասակների պայքարում սա իմ առաջին մեդալն էր: Ոսկու ետևից էի գնացել, բայց որոշ հանգամանքներ խանգարեցին ինձ: Երրորդ տեղի համար գոտեմարտը շատ տպավորիչ էր: Ամեն ինչ դրանից էր կախված: Երկու տարի շարունակ պարտվել էի երրորդ տեղի համար ու հիմա այդ հաղթանակն ամենացանկալի բանն էր, որ եղավ: Ամեն ինչ կանեմ հաջորդ անգամ ավելի բարձր կարգի մեդալ նվաճելու համար»,- նշել է փորձառու ըմբիշը:

Միջազգային մրցաշար և ուսումնամարզական հավաքներ՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ

Մարզիչների գնահատմամբ՝ տարվա գլխավոր իրադարձությունը Սերբիայում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

ԱԱ-ի նախապատրաստական փուլում ըմբիշները մի շարք ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն: Մայիսի վերջին էլ Հայաստանում միջազգային մրցաշար է անցկացվելու՝ նվիրված առաջին հայ աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանին:

«Ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնելու Ծաղկաձորում, Լեհաստանում և Գյումրիում: Վերջին հավաքը տեղի կունենա Երևանում, ինչից հետո կմեկնենք Սերբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը»,- ասել է Արմեն Բաբալարյանը:

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը հույս է հայտնել՝ աշխարհի առաջնությունում կստացվի հաջող հանդես գալ և օլիմպիական ուղեգրեր նվաճել:

«Եվրոպայի առաջնությունում, իհարկե, ավելի շատ մեդալների ակնկալիք ունեինք, բայց կփորձենք դա անել աշխարհի առաջնությունում: Պետք է վերլուծենք թերություններն ու աշխատենք դրանց շտկելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում կարողանանք օլիմպիական ուղեգրեր նվաճել»,- եզրափակել է Գևորգ Ալեքսանյանը՝ նշելով, որ Օլիմպիական խաղերում Հայաստանի թիմը մասնակցելու է 6 քաշային կարգերում:

Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, թիմային հաշվարկում 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում: