ԱԺ մայիսի 2-ի նիստում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը լրացումներ և փոփոխություններ են առաջարկել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում:

Առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը կարող է մինչև 20 տոկոսի չափով վերադարձնել:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի միջազգային ձևաչափի կիրառումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ աշխատանքը կազմակերպելու համար:

Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ այս ձեւաչափը պարզեցված է պետական մարմինների գործառույթների մասով:

Օրինագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ գործող օրենքի որոշ դրույթների իրագործման անհնարինության մասին Ազգային ժողովում հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են ֆիլմարտադրության ոլորտի մասնագետները: Վերջիններս վստահեցրել են նաև, որ օրենքի ընդունումը կխթանի ֆիլմարտադրությունը: Սիսակ Գաբրիելյանի խոսքով մեծ հետաքրքրություն կա Հայաստանում ֆիլմարտադրության հետ կապված Հնդկաստանի, նաև՝ ԱՄՆ-ի կողմից: Նա տեղեկացրել է, որ Կառավարության մի շարք առաջարկներն արդեն ընդունվել են, իսկ մյուսները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ օրենքով պետական աջակցության մեխանիզմները գործնականում չեն գործում, առաջարկվում են օրենքի կիրառման առավել արդյունավետ մեխանիզմներ:

Գլխադասային հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: