««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի և հաստիքների թվով պայմանավորված, մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով` առաջարկվում է հստակեցնել նաև պարտադիր վերապատրաստման` հինգ տարին մեկ լինելու հանգամանքը: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` ԱԺ մայիսի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը:

Նշվել է նաև, որ իրականացված վերլուծության համաձայն համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների շուրջ 65 տոկոսը պաշտոնավարում է անորոշ ժամկետով պայմանագրերի հիման վրա, ինչը չի բխում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից և անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում: Փոխնախարարը հայտնել է, որ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը նման պայմանագրերով գործող տնօրենները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց, այլապես կդադարեցվեն նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը:

Առաջարկվում է նաև հանել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոխնախարարից հետաքրքրվել է` հնարավո՞ր է լինեն դեպքեր, որ նախադպրոցական հաստատություն հաճախելու համար մերժեն այն երեխային, որը հաշմանդամություն ունեցող է կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի:

Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է, որ որևէ նախադպրոցական ուսումնական հաստատություն իրավունք չունի մերժելու որևէ երեխայի, քանի որ նախորդ տարվանից արդեն իսկ ներդրված է համընդհանուր ներառական կրթությունը նախադպրոցական մակարդակում:

«Սակայն օրենքի այս նախագծում առաջարկվող կարգավորումները հնարավորություն են տալու առավել համակարգված ապահովել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, այդ թվում` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջոցով: Նաև ընդլայնվել և հստակեցվել է, թե ով կարող է համարվել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա` ընդգծելով, որ դա կարող է լինել ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլև ցանկացած երեխա, որը հայտնվել է այս կամ այն դժվարին իրավիճակում»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Բաբայանը: