Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է 11 մարզիկով:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը. նա պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նույնգեյբոսին:

Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ կունենա։ Ռինգ դուրս կգան 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հակոբյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեի հետ, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը նույն փուլում ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքի հետ:

Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը հայ բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք են անցկացրել Ղազախստանում:

Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին: