Այսօր ատեստավորումն իրականացվել է «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար:
Քննությանը մասնակցել է նախապես հայտագրվածների շուրջ 90 տոկոսը: Գործընթացին հետևել և մասնակիցներին հաջողություն է մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ հույս հայտնելով, որ արդյունքները դրական կլինեն։
«Նախնական հարցումներով ունենք բավական լավ մասնակցայնություն: Սա առաջին փորձն է. դրանից հետո կամփոփենք արդյունքները, կլսենք մասնակիցների դիտարկումները: Ինքներս էլ արդեն ունենք որոշ մտահաղացումներ՝ կապված ընթացակարգերի և հարցաշարերի հետ: Ես վստահ եմ՝ սրանով իսկապես մի շատ դրական գործընթաց է սկսվում՝ ուղղված կրթական և մասնագիտական գիտելիքների որակի բարձրացմանը»,- նշել է Արա Խզմալյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նման բարեփոխումներով վերացվում է համահարթեցման և համահավասարեցման մտայնությունը. «Ստեղծվում են մեխանիզմներ, որով մարդն իր գիտելիքի, հետևողականության, ջանքերի, սեփական իմացությունների կատարելագործման ճանապարհով հնարավորություն ունի ավելացնելու իր աշխատավարձն ու բարելավելու սոցիալական վիճակը: Կարծում եմ՝ սա լուրջ խթան և դրդապատճառ է, որպեսզի մանկավարժները ձգտեն ավելի կատարելագործելու իրենց մասնագիտական իմացությունները»:
Մանկավարժական աշխատողների ատեստավորումն անցկացվել է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
Ատեստավորման արդյունքները կհրապարակվեն ատեստավորման օրվանից հետո հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ կայքում։ Ատեստավորման քննության թեստի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 29-ին, Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում ատեստավորումն անցկացվել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: Քննությանը մասնակցել է հայտագրված մարզիչ-մանկավարժների շուրջ 60 տոկոսը։